Գլխավոր / Դատարան / Գեներալ Մանվելի եղբորորդու 25-ամյա քրգործը վերաբացվել է

Գեներալ Մանվելի եղբորորդու 25-ամյա քրգործը վերաբացվել է

Վերաքննիչ դատարանն ընդունեց 25 տարի առաջ՝ 1994-ի ապրիլի 16-ին գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կողմից սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու վերաբերյալ զինդատախազության բողոքը, որի համար հիմք է հանդիսացել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի ավելի վաղ ներկայացրած հաղորդումը: 

25 տարի վաղեմության դատավճիռը բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան ուղարկելու վերաբերյալ բողոքը ներակայցվել էր նոր երևան եկած հանգամանքների հիմքով. սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի վկայություններն ու ներկայացրած որոշ փաստերը կասկածի տակ են դնում սպանողի՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի անմեղությունը: Գեներալի եղբորորդին 25 տարի առաջ այս գործով դատապարտվել էր ընդամենը 1 տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար, և դուրս  եկել բանտից ազատազրկումից երեք ամիս անց՝ լավ վարք դրսևորելու հիմնավորմամ: Էդուարդ Պողոսյանը պնդում է, որ Հրանտ Գրիգորյանն իր հորը սպանել է դիտավորյալ, այնուհետև՝ գեներալ Մանվելի հողանավորությամբ և աջակցությամբ խուսափել պատասխանատվությունից. Գրիգորյանները սպառնալիքների և ահաբեկումների շնորհիվ տարիներ շարունակ լռեցրել են սպանվածի հարազատներին և սպանության վկաներին: 

Այսօրվա դատական նիստին Էդուարդ Պողոսյանը խնդրեց դատարանին ճանաչել իրեն իր հոր իրավահաջորդ՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալ գործի նյութերին և լիարժեք մասնակցություն ունենալ հետագա դատավարությանը.

«1994 թվականի ապրիլի 16-ին՝ ընդամենը 8 տարեկանում, ես զրկվեցի իմ հորից՝ Մհեր Պողոսյանից: Այդ ժամանակ, բնականաբար, չէի կարող հորս ու մեր ընտանիքի իրավունքները պաշտպանել դատարանում: 25 տարի է սպասում եմ արդարադատությանը, ու այսօր, երբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վարույթ է հարուցվել և 25 տարվա վաղեմության դատավճիռը քննության նյութ է դարձել ՀՀ վերաքննիչ դատարանում՝ Ձեր նախագահությամբ, կարող եմ վերջապես արդարադատության իրականացման հույս ունենալ:…Խնդրում եմ չանտեսել լսված լինելու նաև մեր իրավունքը՝ ելնելով դատարանի մրցակցային լինելու և կողմերի հավասարության սկզբունքներից: Տուժող կողմն առանց այդ էլ տուժել է 25 տարի առաջ և 25 տարի շարունակ՝ չգտնելով արդարադատություն: Մենք դատարանում ասելիք ունենք, հետևաբար մասնակցության և դիրքորոշում հայտնելու մեր իրավունքը խնդրում եմ իրացնել իրավունքի գերակայության ուժով,» – ասաց Պողոսյանը:  

Դատականը բավարարեց Պողոսյանի դիմումը՝ ճանաչելով նրան տուժողի իրավահաջորդ, իսկ նրա փաստաբանին՝ Զարուհի Մեջլումյանին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտմբերի 23-ին, ժամը՝ 16:00-ին:

Մհեր Պողոսյանի սպանության գործի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

 

Tekali Taxi