Գլխավոր / Հայաստան / Նախկին նախագահի մեղադրանքը ծանրանում է

Նախկին նախագահի մեղադրանքը ծանրանում է

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին մեղադրանք է առաջադրվել Կոյ Տաշ ավանում տեղի ունեցած բախումների գործով: Ղրղզստանի Գլխավոր դատախազության փոխանցմամբ, Ատամբաևը մեղադրվում է սպանության և սպանության փորձի, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պատանդներ վերցնելու, իշխանության ներկայացուցչի վրա հարձակման մեջ։ Ղրղըզստանի օրենսդրության համաձայն, նրան սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Բացի այդ, Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեք Օպումբաևը Ատամբաևին մեղադրել է նաև պետական հեղաշրջման նախապատրաստման փորձի մեջ, հայտնում է 24Kg լրատվական գործակալությունը։

«Ատամբաևին արյուն էր պետք, այդ մասին ես բաց հայտարարում եմ: Նրան արյուն էր պետք պետական հեղաշրջում իրականացնելու համար»,-հայտարարել է նա մամուլի ասուլիսում:

Օպումբաևի խոսքով՝ պետության նախկին ղեկավարը Կոյ Տաշում գտնվող իր նստավայրում բախումներ էր պատրաստում. նրա տանը հայտնաբերվել է զենքի մի ամբողջ պահեստ: Ուստի՝ բախումները, որոնք օգոստոսի 7-8-ին հատուկ ջոկատայինների կողմից Ատամբաևի տան վրա իրականացված գրոհի ժամանակ տեղի ունեցան իրավապահների և «նախկին աջակիցների» միջև, ազգային անվտագության կոմիտեի ղեկավարի կողմից գնահատվում են որպես կազմակերպված Աթամբաևի կողմից՝ ձերբակալությունից խուսափելու և քաղաքական սադրանք իրականացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին անձեռնմխելիությունից զրկել էր հունիսին։ Օգոստոսի 8-ին նրան ձերբակալելու՝ ուժայինների փորձն ավարտվել էր անհաջողությամբ, Ատամբաևի աջակիցները կրակ էին բացել իրավապահների ուղղությամբ, հատուկ ջոկատայիններից մեկը սպանվել էր, ավելի քան 5 տասնյակ մարդ՝ վիրավորվել։ Ատամբաևի շտաբի հաղորդմամբ, նախկին նախագահն ինքն է հանձնվել իրավապահներին՝ խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերից խուսափելու համար: