Home / Մշակույթ / Ինչպես է ձևավորվում ազգային ինքնագիտակցությունը

Ինչպես է ձևավորվում ազգային ինքնագիտակցությունը

Ազգայնականությունն իբրև հասկացություն

Ռուսաստանցի սոցոլոգիական գիտությունների թեկնածու Միխայիլ Սոկոլովը պատմում է՝ ինչպես է ձևավորվում ազգային ինքնագիտակցությունը և ինչպես է ի հայտ եկել «ազգայնականություն» հասկացությունը․

Ազգայնականությունը այլատյացության հոմանիշը չէ։ Առօրյա խոսքում մենք սովորաբար «ազգայնականություն» ենք կոչում ցանկացած անբարյացկամություն էթնիկ ուրիշների հանդեպ, ռուսերենում այն այլ իմաստով է օգտագործվում, ակադեմիական անգլերենում այն այլ կերպ է օգտագործվում։ Ակադեմիական անգլերենում այդ տերմինը որևէ գնահատողական բաղադրիչ ընդհանրապես չունի։ Ռուսերենում այն ավելի մոտ է «հայրենասիրություն» հասկացությանը, բայց եթե «հայրենասիրության» ետևում դրական էմոցիաներ կան, «ազգայնականության» ետևում դա չկա․ դա գնահատական չենթադրող գիտական տերմին է, որն օգտագործվում է ազգի հետ նույնականացումը նկարագրելու համար, մարդկանց բազմության հետ, որոնք պատկանում են, նախևառաջ, մշակույթով միավորված մեկ համայնքի։

Ազգայանականության տեսության հիմնական բացահայտումը

60-ականների, 70-ականների և, հատկապես, 80-ականների ազգայանականության տեսության հիմնական բացահայտումը կայանում էր նրանում, որ ազգայնականությունը նույնականացման համեմատաբար նոր ձև էր։ Չնայած ցանկացած ազգայնականություն պնդում է, որ իր կողմից ներկայացվող ազգը դարերից է գալիս, իրականում, մի քիչ խորանալով, հայտնաբերում ենք՝ որոշակի տարածության վրա հնարավոր չէ գտնել մարդկանց, որոնք լրջորեն կնույնականացնեին իրենց նման համայնքի հետ, օրինակ, ֆրանսիացիների, անգլիացիների հետ կամ, նամանավանդ, ռուսների։ Մինչ դա քաղաքական միավորումներ գոյություն ունեին, օրինակ, թագավորություն, որոշակի նույնականացում կար միապետի կամ միապետի ընտանիքի հետ, ավելի շուտ, ֆեոդալների միջև, քան այդ սանդուղքի ամենաներքևում գտնվողների, որոհետև վերջիններիս համար բոլորովին միևնույնն է՝ ում ծառայել։ Եվ վասալը հեշտությամբ անցնում է մեկ թագավորից մյուսի մոտ, իսկ գյուղացիները կարող են գաղափար անգամ չունենալ, թե որ թագավորության տարածքում են ապրում։ Մեծ մասը չի էլ պատկերացնում։

Լյուդովիկոս XIII-ի ժամանակների Ֆրանսիայի մասին

Անիմաստ է ակնկալել, որ Ֆրանսիայում ինչ֊որ ֆրանսիական ինքնություն գոյություն ունի, եթե Լյուդովիկոս XIII֊ի ժամանակներում մարդկանց մեծամասնությունը չի հասկանում լեզուն, որով խոսում են Փարիզում։ Երբ Դյուման գրում է «Երեք հրացանակիրներ»-ը, նա ակնհայտորեն նվազեցնում է լեզվական խնդիրները և ահավոր ակցենտը, որը պետք է ունենար Դ՝Արտանյանը։ Փարիզ ժամանող գոսկոնացիները հարավից եկած ավազակներ են՝ լեռնային հանրապետություններից, որոնց ինչ֊որ իմաստով պահում են, քանի որ իրենք չեն կարող որևէ մեկի հետ համաձայնության գալ, իրենք համեմատաբար վատ են ինտեգրված, քաղցած են, զայրացած և պատրաստ են ամեն տեսակ ծառայություն մատուցել։ Այս իմաստով ենթադրել, որ իրենք Պիկարդիի, Լոթարինգիայի բնակչության հետ ընդհանուր ինքնություն ունեն, պարզապես չի կարելի։ Նրանք այնքան տարբեր են, որքան տարբեր կարող են լինել Եվրոպայի բնակիչները։

Մշակութային համայնքների մասին

Համարվում է, որ ազգայնականությունն ի հայտ է գալիս մոտավորապես 15-րդ դարում, ամենաշուտը՝ Անգլիայում, բայց երևույթը գլուխ է բարձրացնում 18-րդ դարում, երբ մարդիկ հայտնաբերում են, որ ավելի կարևոր է լինել ֆրանսիացի, անգլիացի կամ ռուս, դա իրենց հիմնական քաղաքական ինքնությունն է, այն, ինչն իրենց ճակատագիրն է որոշում։ Ոչ թե այն, որ իրենք ազնվական են, կաթոլիկ կամ բողոքավոր, ոչ թե այն, որ ծառայում են տվյալ, այլ ոչ ուրիշ միապետի, բայց այն, որ իրենք պատկանում են որևէ մշակութային համայնքի։ Կոպիտ ասած, այդ մշակութային համայնքները գոյություն էլ չունեն, որովհետև դրանք հայտնվում են զանգվածային կրթության զարգացումից հետո։ Առանց միասնական կրթական համակարգի շատ բարդ է մարդկանց մեջ որևէ ընդհանուր բան արմատավորել մեծ տարածքի վրա՝ հաշվի առնելով այն ժամանակների կոմունիկացիայի վիճակը։ Նրանք ակամայից տարբեր բարբառներով են խոսում մեկ երկրի տարբեր մասերում, տարբեր նորություններով են ապրում, ավելի շատ են կապված իրենց մարզին, որևէ քաղաքի մերձակայքին, քան ավելի մեծ քաղաքական գոյացմանը։

Ֆրիդրիխ II-ի բանակի մասին

Ազգային ինքնությունն արդյունք է քաղաքական և այլ տարբեր կառույցների երկարատև էվոլյուցիայի, որոնք ասոցացվում են ժամանակակից պետության հետ։ Ֆրիդրիխ երկրորդը համընդհանուր սկզբնական կրթության ամուր համակարգ է ներդնում, որպեսզի իր բանակում յուրաքանչյուր զինվոր հասկանա հրամանատարի հրամանները։ Զսպել ներքևների դժգոհությունը, պետության հանդեպ լոյալության որոշակի աստիճան արմատավորել, որը նախկինում չկար, ստիպել մեկ լեզվով խոսել, բայց որը տարբեր է պոտենցիալ հակառակորդի լեզվից։ Ֆրիդրիխ երկրորդն այդ բոլոր բարեփոխումները մեկ պատճառով է նախաձեռնել․ նա փորձում է բանակ կառուցել ամբողջությամբ հրամանատարի առջև եղած վախի վրա, բայց պարզվում է, եթե նրանից վախենում էլ են, ապա լավ չեն հասկանում, եթե չեն հասկանում նրա հրամանները։ Եվ ամենակարևորը, չնայած Ֆրիդրիխ երկրորդը մեծ զորավար էր, նրան չէր հաջողվում բանակում հետախուզություն կազմակերպել, որովհետև հենց զինծառայողները մի 200 քայլով հեռվանում էին իր բանակի հիմնական մասից, նրանք փախչում էին, իսկ պետք է, որ չփախչեն։ Պետք է, որ նրանք, ինչ֊որ իմաստով, իրենց բանակի մաս զգան, զգան, որ սա մերն է, սա՝ մերը չէ, հակառակորդի կողմն անցնելը վատ է․․․ առաջնորդներից մեկը, ով պետական մակարդակով փորձում է քաղաքական մի համակարգ կառուցել, որը կսովորեցնի մարդկանց իրենց ասոցացնել պետության հետ որպես լոյալության հիմնական աղբյուր։ Բայց դրա համար ինչ որ ձևով վճարել է պետք․ պետությունն, ի պատասխան, դառնում է ժողովրդի պետություն։

Թագավորությունների մասին

Թագավորությունը ժողովրդի պետություն չէ։ Թագավորությունները քաղաքական համակարգեր են, որոնց իշխանությունը աստծո կողմից տրվել է միապետին կամ միապետերի ընտանիքին։ Թագավորն իր ենթակաների նկատմամբ որևէ պատասխանատվություն չունի։ Կաթոլիկները հարյուրամյակներով կվիճեն այդ մասին, մեկը, ով ավելի շուտ եկեղեցու կողմից է, կպաշտպանի ապստամբելու իրավունքը, եկեղեցու քաղաքական իրավունքը, բայց, հարցը պղտոր է և մնում է այն ժամանակվա քաղաքական գիտակցության սահմաններում։ Պատկերացումն այն մասին, որ թագավորը գործում է ժողովրդի անունից, ժողովրդի կամքով, որ ցանկացած քաղաքական իշխանություն ժողովրդից է գալիս, բնականաբար, նոր գաղափար է, և գալիս է այն ժամանակ, երբ առաջանում է ազգային ինքնությունը, և մասնավորապես, ինչպես ասում են Չարլզ Թիլլին և այլ տեսաբաններ, ի պատասխան զուտ ռազմական անհրաժեշտության։ Եթե ձեզ մեծաքանակ բանակ է անհրաժեշտ, որը ձեզ հավատարիմ է, դուք չեք կարող ստեղծել այն՝ ուղղակի վախեցնելով։ Զինվորները պետք է հավատան, որ դա իրենց երկիրն է։

Ազգայնականության առաջացման մասին

Մեծ քննարկում կա այն մասին, թե արդյոք ազգայնականությունն առաջացել է Եվրոպայում։ Այդ ինտելեկտուալ շարժման գլխավոր տեսաբաններից մեկը՝ Բենեդիկտ Էնդերսոնը, պնդում է, որ առաջին ազգայնականությունը ամերիկյան ազգայնականությունն է։ Առաջին պետությունը, որն իրեն ժողովրդի պետություն է հայտարարել, ոչ թե Եվրոպական մայրցամաքում էր, այլ Լատինական Ամերիկայում, և դե, Հյուսիսամերիկյան գաղութներում, որոնք հետո դառնալու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նրանք առաջինն են փորձարկումներ անում ներառող ժողովրդավարություններով, առաջինն են հայտարարում, որ փլուզված իսպանական միապետության գաղութներից մեկի քաղաքացիությունն, օրինակ, տարածվում է բոլորի վրա, ովքեր ապրում են այդ տարածքում, ներառյալ հնդկացիների սերունդները, աֆրիկական ստրուկների սերունդները, գաղութարարների սերունդները։ 17-րդ դարի համար սա միանգամայն նոր գաղափար էր։ Եվ հետո միայն այն հասնում է Եվրոպա, որտեղ, իհարկե, ձեռք է բերում մեզ ծանոթ մշակութային իմաստներ, որովհետև Եվրոպայում համայնքը կարող էր կառուցվել ոչ միայն մաքուր քաղաքական պայմանագրի վրա, այլ ստացված մշակութային ժառանգության շահագործման վրա։

Գրիմ Եղբայրների հեքիաթների մասին

Շատ գրքեր են գրվել այն մասին, թե ինչպես է իրականում առաջացել ազգային բանահյուսությունը, որն առաջացել է լեզվին զուգահեռ։ Երբ Գրիմ եղբայրները շրջում էին գերմանական քաղաքներով և գերմանական հեքիաթներ հավաքում, նրանք փնտրում էին գերմանական ոգու ակունքները։ Հայտնի է, թե քանի հեքիաթ էին իրենք գրում, քանիսն էին հավաքում։ Հայտնի է նաև Կալեվալա երգի օրինակը, որը ֆիննական էպոսն է, ֆիննական մշակութային ինքնության կարևոր բաղադրիչը, և որի ամենաքիչը երեք քառորդը, հնարավոր է՝ ավելի մեծ մասը, Լյոնրոթն ինքն է հորինել։ Սա սովորական պատմություն է։ Սա ավելի շուտ օրենք է, քան բացառություն։ Կրթված ինտելեկտուալը շրջում է գյուղերով, որպեսզի ազգային պատմությունը ուսումնասիրի, ժողովրդական բանահյուսության նմուշներ հավաքի, մի մասը ճանապարհին, իհարկե, հորինելով։

Ազգայնականության և ռեսպուբլիկանիզմի կապի մասին

Ազգայնականության գլխավոր հակաթեզը ժողովրդավարական շարժումն էր։ Հիմա, այսօր մենք ազգայնականների մասին մտածում ենք որպես ծայրահեղ աջ և ոչ դեմոկրատ, չնայած 19-րդ դարում ազգայնական շարժումները հիմնականում հանրապետական էին։ Ֆրանսիական հեղափոխությունը միաժամանակ ծայրահեղ ազգայնական շարժում էր, որը առաջին անգամ լոյալ էր Ֆրանսիական պետությանը, ոչ թե թագավորական ընտանիքին, և այդպիսով հանրապետական էր։ Գարիբալդին ազգայնական հանրապետական է։ Հանրապետականները պայքարում են միապատերի դեմ։ Հիանալի հետազոտություն կա Ռոմանովների մասին, որը շատ ամբիվալենտ է ռուսական ազգայնականության հետ։ Մի կողմից այն, կարծես թե, հարմար է, մյուս կողմից ազգայնականները նրանց հիմնական հակառակորդներն են։

Ազգայնականության անկման մասին

Ազգայնականության ուսումնասիրություններն ինչ որ չափով ազգայնականության անկման նշան դարձան, քանի որ ազգային ինքնությունն ուժեղ մրցակիցներ ունեցավ։ Ազգայնականության նոր մրցակիցներից էր դասակարգային ինքնությունը և մարքսիստական գաղափարախոսությունը, քանի որ մարքսիստներն ասում են, որ ազգային ինքնությունը կեղծ գիտակցություն է, որը ներմուծում է բուրժուազիան, որպեսզի շեղի աշխատավոր դասակարգը համընդհանուր երջանկության պայքարից։ Սա շատ ուժեղ մարտահրավեր է։ Ազգայնականության տեսաբանների մեծ մասը, ում ես հիշատակել եմ, ձախ շրջանակներից են և ազգայնական գաղափարախոսության մեջ էական մրցակից են տեսել։

Ազգայնականության տեսությունը ծաղկում է ապրում այն ժամանակ, երբ այդ ինքնությունները դադարում են լինել այդքան կարևոր, կամ ավելի շատ են հարցականի տակ դրվում, քան առաջ։ Դա կապված է Մարքսիզմի վերելքի հետ, դա կապված է տեխնոլոգիական պրոցեսների հետ, այն բանի հետ, ինչը անվանում ենք գլոբալիզացիա, որի արդյունքում այդ փակ ազգություններն ավելի ու ավելի պատրանքային իրականություն են դառնում։ Նրանք պարզապես այն աստիճանի են դուրս մնում մեր կյանքից, որ մեզ համար չափազանց բարդ է դառնում այդ փակ ազգությունները դիտարկել որպես հեղինակության հիմնական աղբյուր։

Բաց հարց

Պետությունը շատ փոքր է դառնում իր խնդիրները լուծելու համար, ինքնաբերաբար միավորվում են սկզբում քաղաքական բլոկները՝ սովետական բլոկ, ամերիկյան բլոկ, հետո դրանց ավերակների վրա առաջանում են մի շարք անկախ պետություններ, նրանց սկսում է վերցնել միացյալ Եվրոպայի մյուս մեծ բլոկը, և մենք տեսնում ենք բլոկների կառուցում ամբողջ աշխարհում։ Այդ աշխարհում ազգային տարբերությունները, որոնք նախկինում ընգծվում էին քաղաքական կամ ցանկացած այլ նպատակներով, դառնում են նախ և առաջ պակաս իրական, պակաս համեմատական իրական մշակութային տարբերությունների հետ, իսկ մյուս կողմից պակաս հետաքրքրական քաղաքական ագենտների համար։ Մենք տեսնում ենք դրա լղոզումը, գոնե Եվրոպայում, և շատ հնարավոր է, որ Եվրոպան այդ հարցում ևս կծառայի որպես մոդել։

Tekali Taxi