Օգոստոսի 30-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Դվին» հանդիսությունների սրահից թունավորման ախտանիշներով Գյումրու բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել ավելի քան 40 քաղաքացի, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս աշխատանքներ են իրականացնում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում (հիվանդներից նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար), ինչպես նաև համատեղ աշխատանքներ են տարվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ (սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշառումներ)։
Ըստ նախնական վարկածի` հիվանդների հոսպիտալացման պատճառը սննդային գործոնն է։