Home / Հայաստան / Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդդեմ խորհրդարանի

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդդեմ խորհրդարանի

Օգոստոսի 3-ին Բրիտանիայի խորհրդարանը վերադարձել է արձակուրդից և արել առաջին կարևոր քայլը «կոշտ բրեքսիթից» խուսափելու ճանապարհին։

Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ՝ 328-ն ընդդեմ 301-ի, որոշում է ընդունել կառավարությանը զրկել խորհրդարանի օրակարգը որոշելու իրավունքից, ինչը հնարավորություն կտա հետագայում քննարկել Եվրամիությունից դուրս գալու ժամկետների երկարաձգումն ու ավելի մեղմ պայմանները։

Քվեարկությունից անմիջապես հետո վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եթե պատգամավորները քվեարկեն Բրեքսիթի հետաձգման օգտին, նա կառաջարկի ցրել խորհրդարանը։ Հետաքրքրական է, որ վարչապետը խորհրդարանում մեծամասնություն չունի․ իշխող կուսակցությունը բաժանված է միմյանց հետ անհամերաշխ ֆրակցիաների, երեք դատարաններ քննում են խորհրդարանի աշխատանքների դադարեցման օրինականության հարցը։

Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու ամսաթիվը հոկտեմբերի 31-ն է։ Եթե ստեղծված իրավիճակում հաղթի խորհրդարանական մեծամասնությունը, ապա «բրեքսիթը հավանաբար կհետաձգվի» և Բրիտանիայում արտահերթ ընտրություններ տեղի կունենան։ Չի բացառվում նաև Եվրամիությանն անդամագրվելու նոր ռեֆերենդումի անցկացումը։

Բորիս Ջոնսոնի հաղթանակի դեպքում հոկտեմբերի 31-ին Բրիտանիան վերջնականապես դուրս կգա Եվրամիությունից։ Ջոնսոնը հավաստիացնում է, որ այնուամենայնիվ կփորձի բանակցել, բայց բանակցությունների ցանկացած ելքի դեպքում մտադիր է դուրս հանել Բրիտանիան Եվրոպական Միությունից։

Խորհրդարանը պատրաստվում է այս շաբաթվա ընթացքում ընդունել օրենք, որն ուղղակիորեն կարգելի վարչապետին նման բան անել։

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը օգոստոսի 28-ին դիմել էր թագուհուն, խնդրելով խորհրդարանի աշխատանքը հինգ շաբաթով՝ սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 14-ը, կասեցնելու որոշում ընդունել։ Թագուհին համաձայնել էր։ Այսպիսով, «կոշտ բրեքսիթը» կանխելու համար պատգամավորները խիստ սահմանափակ ժամանակ ունեն։ Նրանք հայտարարել են, որ պատրաստ են աշխատել օրուգիշեր՝ նաև ոչ աշխատանքային օրերին։ 

Վերջին 80 տարվա ընթացքում Բրիտանական խորհրդարանը ոչ աշխատանքային օրերին աշխատել է երեք անգամ․ Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբում, 1950-ականների Սուեզի ճգնաժամի հետ կապված և Ֆոլկլենդյան կղզիների թեմայով։

Tekali Taxi