Home / Հայաստան / Չինաստանի զիջումն ուշացավ

Չինաստանի զիջումն ուշացավ

Այսպես, Պեկինը վերջնականապես հասկացավ, որ Հոնկոնգում ժամանակավոր խրվել է միանգամայն պարտվողական պատմության մեջ․ միջազգային աներևակայելի հետաքրքրության, ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմների և որոշ այլ գործոնների ֆոնին ուժ կիրառելն անհնար է դառնում։ Մյուս կողմից էլ բողոքի ակցիաներում հոգնածություն ու ոգևորության մարում չի նկատվում, ավելին, տարբեր ուժերի բավականին կայուն միություն է ձևավորվել, որն աջակցության զանգվածային բազա ունի և պատրաստ է դիմակայել բավականին երկար։ Իսկ այդ ընթացքում մոտենում է հոկտեմբերի 1-ի մեծն օրը, երբ Պեկինում նշելու են Չինաստանի ժողովրդական հանրապետության ձևավորման 70-ամյակը։ Հոնկոնգի բողոքի ցույցերի կամ դրանց արյունալի ճնշման ֆոնին նման տոնակատարությունը պատեհ չի լինի։

Կարճ ասած, Պեկինը ստիպված եղավ հաղթահարել հպարտությունը, իսկ նախկին բրիտանական գաղութի բնակիչներն աներևակայելի հաղթանակ տարան․ համենայն դեպս առայժմ այդպես է թվում։ Այսօր Հոնկոնգի հեռուստատեսությամբ Հոնկոնգի ադմինիստրատիվ ղեկավատ Քերրի Լամի ելույթի տեսաձայնագրությունն էին ցույց տալիս։ Նա հայտարարում է, որ ընդունում է ցուցարարների գլխավոր պահանջը և սկսում է հետ կանչել օրենքի նախագիծը, որով թույլատրվում էր Չինաստանի հիմնական տարածքում դատապարտված կամ հետախուզման մեջ գտնվող հոնկոնգցիների արտահանձնումը Չինաստան։ Այդ որոշմանը դեռևս պետք է կողմ քվեարկեն տեղի խորհրդարանի պատգամավորները, ովքեր արդեն մի քանի շաբաթ չեն աշխատում՝ կապված ինքնավար շրջանի զանգվածային ցույցերի հետ։

Սակայն Քերրի Լամը պարզ ցույց տվեց, որ ցույցարարների մյուս պահանջները չեն բավարարվելու։ Իսկ մյուս պահանջները չորսն էին․ բողոքի ակցիաները չորակել որպես «անկարգություններ», ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, քննության ենթարկել ոստիկանության ոչ իրավաչափ և դաժան գործողությունները, Հոնկոնգում ուղիղ համընդհանուր ընտրություններ անց կացնել։

Հենց այդ պատճառով Պեկինի զիջումը շարժման մասնակիցների մոտ հիացմունք չառաջացրեց։ «Չափից դուրս քիչ է և չափից դուրս ուշ»,- ֆեսյբուքի իր էջում գրել էր ցուցարարների երիտասարդ թևի առաջնորդներից Ջոշուա Վոնգը։

Այսօր ցուցարարները քաղաքի փողոցներում վանկարկում էին «Five demands – not one missing! Հինգ պահանջ, և ոչ պակաս»։ Նախատեսվում է նոր երթեր անցկացնել «հինգ պահանջների» կոչով։ Շուտով պարզ կդառնա արդյոք աշխատեց Հոնկոնգը հանգստացնելու Պեկինի մարտավարությունը։ Չէ որ Չինաստան արտահանձնման օրենքի չեղարկման հիմնական պահանաջը բավարարվել է։ Չէ որ դա հենց այն էր, ինչ բոլորն այդքան ուզում էին։ Իսկ ուղիղ ընտրություններ Չինաստանի այդ ինքնավար շրջանում երբեք չեն եղել․․․

Վասիլի Գոլովնին, Տոկիո

աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ

Tekali Taxi