Home / Բնապահպանություն / Հավաքարարների փոխարեն փողոցները կմաքրեն փոշեկուլ մեքենաները

Հավաքարարների փոխարեն փողոցները կմաքրեն փոշեկուլ մեքենաները

Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստին որոշում կայացրեց ավելացնել այս պահին աղբահանության միակ օպերատորի՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը: Համայնքային հիմնարկի ընդհանուր հաստիքացուցակը` հավաքարարեներ, բանվորներ, վարորդներ, կկազմի 647 միավոր, իսկ ամսական բյուջեն՝ շուրջ 161 մլն դրամ:

Զեկուցող Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտնեց,  որ համայնքային հիմնարկում աշխատող հավաքարարը (շուրջ 150 հոգի) անհրաժեշտ տեխնիկակական համալրումները կատարելուց հետո կիրականացնեն հիմնականում բակային տարածքների մաքրում, փողոցների մաքրման աշխատանքները կկատարվեն փոշեկուլ մեքենաների միջոցով, որոնց անհամեմատ ավելի արդյունավետ են և արագ։

Փոխքաղաքապետը շեշտեց նաև, որ Երևանի բյուջեից համայնքային հիմնարկին տրամադրվելիք ֆինանսավորումը չի գերազանցի նախկինում «Սանիթեք»-ին վճարված գումարները:

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը օգոստոսի 29-ից սկսած Երևանում աղբահանություն չի իրականացնում: Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ «Սանիթեքը» միակողմանի որոշմամբ՝ «առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու», դադարեցրել է ծառայությունների մատուցման պայմանագրային իր պարտավորությունները։ «Սանիթեք»-ը աշխատանքը դադարեցնելու իր որոշումը հիմնավորել էր ֆինանսական խնդիրներով, որոնք առաջացել են քաղաքապետարանի կիրառած սանկցիաների հետևանքով։ Ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստ է վերսկսել աշխատանքները, եթե քաղաքապետարանը վճարի տուգանքների և այլ սանկցիաների պատճառով գանձված գումարները։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօրվա նիստին հայտնեց, որ «Սանիթեքի» հետ համագործակցությունն ու բանակցությունները դադարեցված են։

Երևան քաղաքի աղբահանությունը օգոստոսի 29-ից սկսած իրականացվում է բացառապես «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով, որը ամիսներ առաջ ստեղծվել է հենց «Սանիթեք»-ի բացերը լրացնելու և «Սանիթեք»-ի հետ զուգահեռ աշխատելու համար։