Գլխավոր / Խմբագրի ընտրություն / Եզդիական համայնքին վտանգ է սպառնում

Եզդիական համայնքին վտանգ է սպառնում

Այսօր ոստիկանները եկել էին Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղ և փակել դեպի համայնքային հողեր տանող ճանապարհը։ Ուժայինները պաշտպանում էին հողի սեփականատիրոջ իրավունքները։ Վերջինիս ներկայացուցիչները տրակտոր էին բերել և փորձում էին վարման աշխատանքներ սկսել։ Երբ հասանք Ֆերիկ, ուժայիններից մնացել էր թաղայինը և մի քննիչ, ովքեր թաղապետարանում թղթեր էին հավաքում։

Խնդիրը՝ համայնքային հողերից 197 հեկտարի վաճառքն է, ինչը փաստացի զրկում է անասնապահությամբ ապրող տեղացիներին արոտավայրից։ Հողերը ֆերիկցիներից գաղտնի ձևով վաճառվել են 2004-ին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին և նրա եղբայր Զարզանդ Գրիգորյանին։ Վերջիններս այդ շրջանում տասնամյակներ շարունակ ամենակարող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդիներն են։ Այդ ժամանակ եզդիական Ֆերիկ համայնքը ղեկավարում էր հարևան Հայթաղի բնակիչ, հայազգի Նորիկ Հայրապետյանը։

Մինչև 2018 թվականը ամենազոր Գրիգորյանները չէին օգտվում հողերից, և տեղացիները չգիտեին, որ զրկվել են արոտավայրից։ Իմացան թավշյա հեղափոխությունից հետո, երբ իրենց մոտ եկավ ոմն սիրիահայ Արա Տագեսյանը, ում իշխանությունը կորցնող Գրիգորյանները հասցրել էին վերավաճառել հողերը։

Ֆերիկցիների խոսքով, սկզբից Տագեսյանը, հասկանալով, որ չցանկացավ գնալ գյուղի դեմ և զրկել տեղացիներին ապրուստի միջոցից, հայտնեց, որ վճարել է գնի 10 տոկոսը՝ բեհը, որը հետ կպահանջի և կհրաժարվի սեփականության իրավունքից։ Դրանից հետո, հավանաբար չկարողանալով Գրիգորյաններից գումարը ստանալ, վերադառնում է և կտրուկ փոխում պահվածքը։

Եզդիների վրդովմունքը առաջացրել է նաև այն, որ սեփականատերը անընդհատ ակնարկում էր տեղացիների ազգային փոքրամասնություն լինելու հանգամանքը։ Ֆերիցիների փոխանցմամբ, նա ասում էր, որ դա իր հայրենի հողն է, որ նա հայ է և ներդնում է անում հայրենիքում։ Տեղացինեը հակադրում են այն, որ, ծառայել են և ծառայում են Հայաստանում և Ղարաբաղում, որ 90-ականներից մինչև «ապրիլյան պատերազմը» զոհվածների մեջ տեսակարար կշռով մեծ թիվ կազմում ազգությամբ եզդիները։

Ֆերիկը արոտավայրից զրկելը փաստացի կստիպի մեծամասամբ անասնապահությամբ զբաղվող տեղացիներին լքել հայրենի հողը։ Նշենք, որ հարևան գյուղերի բնակիչները անհաղորդ են  ֆերիցիների խնդիրներին, նրանց հետ համերաշխության որևէ դրսևորումներով աչքի չեն ընկնում։ Իմիջիայլոց հարևան համայնքների հողերը անհամեմատ ավելի մեծ են, քան Ֆերիկինը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Tekali Taxi