Home / Մարզեր / Արշալույսում ոստիկանները ուժ են գործադրել համայնքապետի դեմ բողոքողների նկատմամբ

Արշալույսում ոստիկանները ուժ են գործադրել համայնքապետի դեմ բողոքողների նկատմամբ

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, որի բնակիչները համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով փետրվարի 4-ի առավոտից հավաքվել են համայնքապետարանի մոտ, կրքերը հանգստացել են։ Կեսօրից հետո ցուցարարների վրա էին հարձակվել ոստիկանները։ Համայնքապետը տեղի ամենազոր տոհմից է՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է և գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին։

Ականատեսի խոսքով՝ 200-ից ավել ոստիկաններ 4-5 հոգով հարձակվում էին առանձին մասնակիցների վրա, ոտքերից ու ձեռքերից բռնում ու տանում դեպի մեքենաները։ Աղմուկի վրա դուրս եկած կանանց հաջողվեց խոչընդոտել մարդկանց բերման ենթարկելը։

«Վազել եմ, ասել՝ ինչի՞ եք հարձակվել մարդկանց վրա։ «Երեք-չորս» ասեցին ու հարձակվեցին։ Մի պահ սենց ուժեղ խառը վիճակ էր ու դադարեցրեցին։ Նույնիսկ ինձ թվում ա՝ հրահանգ ստացան»։ Զրուցակիցը ենթադրում է՝ բռնի գործողություններն ավարտվեցին, երբ հայտնի դարձավ, որ տեղացիները կապվել են լրագրողների և պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որը, ահազանգի հետքերով, ևս ժամանել է հարազատ գյուղ։

Պատգամավորն առաջարկեց գյուղապետին զրուցել փոստի տարածքում, քննարկել մարդկանց պահանջները, սակայն Գրիգորյանը հրաժարվեց։ Ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ համայնքապետարանի շենքի մոտ։ Ինչպես կարծում է Epress.am-ի զրուցակիցը՝ «էն աստիճան լարվածության ա հասել, որ ոչ էլ միտք ունեն ցրվելու»։

Տեղացիները տարակուսում են․ ամեն տեղ ցույցեր են եղել, համայնքապետեր են փոխվել, սակայն այս քանակությամբ ոստիկաններ չեն եղել։ «Ես զայրացած եմ, որ իմ գյուղի մարդկանց էս վիճակի մեջ են գցել։ Անգամ գյուղապետին կանչում էին՝ չէր գալիս․․․ Թող գար։ Չէ՞ որ իրա գյուղն ա։ Ինքը մենակ մի բան ա ասում՝ ընտրություն թող լինի, դուք ինձ չեք ընտրել, ինձ չեք ուզում, էն մի մասն ուզում ա․․․»։

Գյուղի բնակիչներն, ովքեր մասնակցել են Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ստորագրահավաքին, վախենում են մասնակցել բողոքին․ «Ասում են՝ ստորագրել ենք, բայց վախենում ենք, չենք ուզում ինքն իմանա։ Նրանք էլ գալիս, ավել֊պակաս խոսում են, թե մի 30-40 թափթփուկներ են եկել։ Ինչի՞ են թափթփուկ։ Մարդիկ բողոք ունեն։ Մեր էրեխեքն են, մեր գյուղն ա, թող գան, մի բան անեն։ Պետք է անպայման մեկին սպանե՞ն, մեկին վնա՞ս տան, որ նոր գան ինչ-որ բան անեն։ Հոկտեմբերյանի ճանապարհը փակեցին Փաշինյանի դեմը, ասեց՝ հավաքվեք ընտրողներով, 50+1 ձայներ հավաքեք, կընդառաջենք։ Հավաքեցին, ստորագրեցին տուն առ տուն, տարան մարզպետարան, տենց էլ մնաց»։

Այսպես, փետրվարի 4-ին արշալույսցիները որոշեցին փակել համայնքապետարանի մուտքը։ Ըստ զրուցակցի՝ գյուղը չի կարելի երկու մասի բաժանել․ ով Գրիգորյանի կողմից է, լավն է, ով դեմ է՝ թափթփուկ․ «Բոլոր համայնքներում կանգնեցին, էս մեր գյուղն ինչի՞ դարձավ սենց անձեռնմխելի, որ ոչինչ չեն կարողանում անել։ 200 ոստիկան, չհաշված մնացածին՝ քաղաքացիական շորերով, միլպետով, միլպետի տեղակալներով, քննիչներով լցվել են էս ջահելների մեջ ու մտցնում են ավտոները»։

Լրագրողների ու պատգամավորի ժամանելուց առաջ ոստիկանները դադարեցրին ագրեսիվ գործողությունները և արդարանում էին, ասելով․ «Մենք մեր գործն ենք անում, կարգ ենք պահպանում»։