Home / Մարզեր / Արշալույսցիները պահանջում են Մանվել Գրիգորյանի բարեկամի հրաժարականը

Արշալույսցիները պահանջում են Մանվել Գրիգորյանի բարեկամի հրաժարականը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մի քանի տասնյակ բնակիչներն այսօր առավոտվանից հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք Կառավարություն էին եկել մի քանի հարյուր ստորագրություններով, որով պահանջում են 10 տարվա գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։ Վերջինս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է և գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին։ Գյուղապետն ու գեներալը, սակայն, երկար տարիներ է արդեն, որ վատ հարաբերություններ ունեն միմյանց հետ։

Հեղափոխությունից անմիջապես հետո մի քանի օր շարունակ արշալույսցիները ճանապարհ էին փակել, պահանջել գյուղապետի հրաժարականը։ Վերջինս, գյուղացիների խոսքով, բանավոր խոստացել էր հրաժարական տալ, «բայց խաբեց, տենց էլ չտվեց»։ Մի քանի հարյուր ստորագրություններով արշալույսցիները ստիպված դիմել են Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանին՝ պահանջելով իրենց գյուղում նոր ընտրություններ անցկացնել։

«Մի ձևով էդ ստորագրությունները գյուղապետի ձեռն ա ընկել, ու քանի որ այնտեղ անուն առ անուն գրված էր, թե ով ա իր դեմ ստորագրել, կանչել ա հատ-հատ, ասում ա՝ ախպեր, դու իմ դեմ ստորագրե՞լ ես, տենց սպառնացել ա», – պատմում են Կառավարության շենքի մոտ հավաքված գյուղացիները։

Այժմ արշալույսցիներն ուզում են նոր ստորագրություններով նամակը անձամբ հանձնեն Փաշինյանին, քանի որ ոչ֊մեկին այլևս չեն վստահում։ Արշալուսցիներին մոտեցավ մի ոստիկան և հաղորդեց, որ զանգել են Արմավիրի մարզպետարանից և ասել, որ խնդրով զբաղվում են։ Արշալույսցիները, սակայն, հրաժարվել են գնալ մարզպետարան՝ պնդելով, որ միայն Փաշինյանի հետ են ցանկանում խոսել։ Ավելի ուշ նրանց է մոտեցել Կառավարության պաշտոնյաներից մեկը: «Մենք նրան ասացինք, որ երկուշաբթի անձամբ նամակը կբերենք, կտանք Փաշինյանին»։

Գյուղը տարիներ շարունակ ապրել է վախի մթնոլորտում, ասում են արշալույսցիները․ «Ինքը հին ՀՀԿ-ական ա, հանցագործ մարդ, մինչև գյուղապետ լինելն էլ ա հանցագործություններ արել։ Մենք չենք ուզում՝ հանցագործ մարդը մեր գյուղը ղեկավարի»։

Մեկը-մեկին ընդհատելով՝ արշալույսցիները պատմում էին, որ գյուղապետն, օրինակ, գյուղի բյուջեից գումար է տվել իր բարեկամ ծանոթներին՝ վառելափայտ գնեն, սակայն իրապես կարիք ունեցողներին ոչինչ չի տվել։ Գյուղի պահուստային հողերն իր համար է օգտագործել, կարկուտի տված վնասների համար նախատեսված փողն իրենով է արել․ «Օրը ցերեկով կարար գար, քո ունեցվածքին տիրանար»։

Որոշ արշալույսցիներ վերջերս նամակ են ստացել, համաձայն որի՝ ապօրինի շինարարության համար նրանք տուգանվում են մի քանի հարյուր հազար դրամով։ Դա էլ գյուղապետի հերթական վրեժներից է, կարծում են արշալույսցիները։

Արմեն Շահբազյանը պատմում է, որ տարիներ շարունակ ինքը սեփական տնամերձում կանաչեղենի ջերմոց է ունեցել, որով մի կերպ գոյատևել են․ «Ջերմոցը նեղ էր, բույսերի համար օդ չկար, վարկ վերցրի, ցելաֆոն առա նոր, որ էդ ցելաֆոնը մի քիչ բարձրացնեմ, որ օդ խաղա, բույսը շնչի, կարանա աճի։ Հիմա եկել, ասում ա՝ էդ ջերմոցը ապօրինի շինություն ա, տուգանվում ես։ Ասում ա՝ ներկայացրեք քաղաքաշինական փաստաթղթերը։ Բայց ցելաֆոնի կարկասի համար ի՞նչ հատակագիծ։ Հայաստանում տենց բան լսված չէ, որ ցելաֆոնի ջերմոցի համար փող մուծեն։ Լավ, համաձայն եմ փող մուծել, բայց որ կարկուտը ջերմոցներն արմատախիլ ա անում, ո՞վ ա կանգնում գյուղացու կողքին»։ Շահբազյանը նշում է, որ տարիներ շարունակ խնդիր չի եղել այդպիսի ջերմոց ունենալ, սակայն հիմա, երբ գյուղապետի դեմ սկսել են բողոքել, նա արհեստական արգելքներ է ստեղծում իրենց համար։

«Գնացել եմ գյուղապետարան, ասում եմ՝ ինչի՞ ես արգելում, որ բույս ցանեմ, հաթաթա ա տալիս, ասում ա՝ կանաչի էլ դնես, կգամ, կքանդեմ, լսա՞ր, արա՛, այ տղա»։

Արշալույսցիները մտադիր են պայքարել մինչև գյուղապետը հրաժարական տա։