Home / Կանանց իրավունքներ / Ցանկանում եմ դառնալ իրավաբան, որ պաշտպանեմ մեր ազգի շահերը

Ցանկանում եմ դառնալ իրավաբան, որ պաշտպանեմ մեր ազգի շահերը

Եզդի երեխաները կոտրում են կարծրատիպերն ու ճանապարհ հարթում դեպի կրթություն

հեղինակներ Մարիամ Չախոյան, Թեհմինե Ենոքյան

Եզդի երեխաները կոտրում են կարծրատիպերն ու ճանապարհ հարթում դեպի կրթություն

հեղինակներ Մարիամ Չախոյան, Թեհմինե Ենոքյան

Եզդի երեխաների որակյալ կրթության ճանապարհը լի է խութերով՝ պայմանավորված մարդկային հասարակության տարբեր կարծրատիպերով: Մի կողմում հայերն են, որոնց մոտ ամրացած է այն տեսակետը, որ եզդիները չեն ձգտում սովորել, մյուս կողմում՝ եզդիների ավագ սերունդն է, որոնք չեն քաջալերում երեխաներին և հատկապես աղջիկներին սովորել: Արդյունքում այս երեխաները հայտնվում են երկու՝ մի կողմից հայերի խտրական մոտեցման, իսկ մյուս կողմից ուսման անօգուտ լինելու պդնմամբ պայմանավորված սեփական հարազատների ճնշումների արանքում:

Նորապատի միջնակարգ դպրոցի 165 աշակերտներից 37-ը եզդի են։ Աստղիկ Նաբոյանն ու նրա եղբայրները՝ Էդիկն ու Ալիկը,  դպրոցի ակտիվ, լավ սովորող աշակերտներից են։ Նրանց համար կարևոր է փոխել եզդիների վերաբերմունքը կրթության հանդեպ ու կոտրել հայերի մոտ ձևավորված կարծրատիպերն այն մասին, որ «եզդին ուսման հետ սեր չունի»։

— Եզդի լինելը ինձ համար մեծ հպարտություն է, — ասում է Աստղիկը, —  որովհետև բացի բացասական երևույթներից, որոնք անընդհատ քննարկվում են, անընդհատ հանրայնացվում, կան շատ դրական կողմեր, ու այդ դրական կողմերով ենք մենք ապրում։

Աստղիկը խոսում է եզդի ազգի մոտ կրթության նկատմամբ սովորութային դարձած բացասական վերաբերմունքի մասին․

— Եզդիական համայնքում, ցավոք սրտի, շատ խնդիրներ կան։ Առաջնային խնդիրն այն է, որ թե՛ տղաները, թե՛ աղջիկները 12-ամյա կրթությունը չեն ավարտում, էլ խոսք չի կարող գնալ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու մասին։ Աղջիկների խնդիրն այն է, որ նրանց վաղ ամսունացնում են, իսկ տղաներինն այն է, որ նրանք դպրոցից դուրս են գալիս վատ սովորելու կամ ընտանիքին օգնելու պատրվակներով։ Սերը, ձգտումը դեպի կրթություն չկա ազգի մեջ։ Իսկ այն աշակերտները, ովքեր ունեն այդ ձգտումը (ես շփվել եմ նման երեխաների հետ), ովքեր ունեն էդ սերը, սակայն նրանց մեջ հասարակական կարծիքը, ծնողների վերաբերմունքը, ընտանիքի, հարազատների ճնշումները սպանում են էդ ձգտումը։ Այսինքն, բոլորով պետք է փոխենք այդ մտածելակերպը կրթության հանդեպ, որպեսզի կարողանանք ազգովի հասնել հաջողության։

Աստղիկն ասում, որ եզդիների մեջ էլ արդեն կան մարդիկ, ովքեր կարևորում են ուսումը, սակայն դեռ կան մարդիկ, ովքեր քննադատում են ուսմանը ձգտող եզդի երեխային, ճնշում են գործադրում նրանց վրա ու քաջալերում կրթությունից դուրս մնալը։

— Ես հանդիպում եմ տարբեր խավերի․ մի խավն ասում է, որ աղջիկը չպետք է դպրոց հաճախի, կամ տղայի ծնողն ասում է, որ նա կարող է զբաղվել անասնապահությամբ կամ արհեստով, դրանով նա կարող է պահել իր ընտանիքը։ Մյուսը մտածում է, որ չէ՛, պարտադիր է կրթությունը, մեր երեխաները պետք է սովորեն։ Տվյալ պարագայում պետության գործառույթն այն է, որ պետք է լինի հետևողական տվյալ աշակերտների նկատմամբ, որովհետև 12-ամյա կրթական համակարգը պարտադիր է երեխաների համար։

Աստղիկը նկատում է, որ կրթությունից հրաժարվելը ոչ թե ավանդույթի հարց է, այլ վատ սովորույթի, որից հարկավոր է ազատվել։

— Մենք պետք է տարբերենք ավանդույթը սովորույթից։ Ավադույթն այն է, որ մեր ազգի գրքի կանոններով գրված է և փոխանցվում է մեզ։ Իսկ այն, որ 14 տարեկանում ամուսնացնում են աղջիկներին, դա սովորույթ է։ Նրանք դա ներկայացնում են պետությանը որպես ավանդույթ, ասում են՝ դա մեր ավանդույթն է, դուք մեզ չպետք է խանգարեք։

Աստղիկը նշում է, որ արդեն երկու տարի դպրոցում գործող եզդիերենի խմբակը ևս նպաստել է եզդիների շրջանում կրթության քաջալերմանը։ Բացի լեզվի դասերից խմբակն օգնում է պահպանել ազգային ինքնությունն ու ավանդույթները։

— Հիմնականում դպրոցը նպաստում է խմբակներին, — ասում է նա, — այստեղ բացատրում են, որ դա մեր լեզուն է, պետք է գնալ, պետք է սովորել։

Եզդիերենի ուսուցչուհի Ժենյա Բրոյանն արդեն 2-րդ տարին է, ինչ Նորապատի միջնակարգ դպրոցում ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով դասավանդում է եզդիերեն։ Չնայած պարապմունքները պարտադիր բնույթ չեն կրում՝ նա գոհ է երեխաների մասնակցությունից։

— Երկրորդ տարին է, որ այս դպրոցում եմ դասավանդում, առաջին օրվանից էլ նկատել եմ, որ կա սերը դեպի ուսումը, կարևոր է, որ ազգասեր երեխաներ են, իրենց ավանդույթներին նվիրված։ Ամեն մի ավանդույթի ժամանակ մենք նշում ենք այդ ավանդույթները դասարանում, իրենց պատմությանն են ծանոթանում, իրենց մշակույթին, ավելի են մոտենում իրենց ազգային մշակույթին։

Խմբակի աշխատանքների թվում են նաև այցելություններ դեպի եզդիների սրբավայր։

— Մենք միշտ գնում ենք մեր մեծ սրբավայրը, — ասում է ուսուցչուհին, — երեխաներին տանում ենք։ Երեխաները ծանոթանում են իրենց կրոնավորների հետ, իրենց խոսքն են լսում։

Նորապատի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էդիկ Նաբոյանը պատմում է, թե ինչպես է հաղթահարել հայ երեխաների մոտ եղած խտրական վերաբերմունքը, ովքեր կարծում էին, որ եզդի երեխաները սովորել չեն սիրում, ուրեմն իրենց հետ չպետք է խաղան:

— Ես Էդիկ Նաբոյանն եմ, սովորում եմ Նորապատի միջնակարգ դպրոցում, 8-րդ դասարանում։ Եզդի լինելը ինձ համար շատ մեծ բան է, որովհետև ամեն մարդ չի կարող եզդի դառնալ։ Հայերի մոտ էլ էր նման բան նկատվում, որ դուք եզդի եք, մեզ հետ պիտի չշփվեք, բայց մեր դասարանի տղերքից այդպիսի մարդ չկա։

Հետաքրքրվում ենք, թե ինչպես է կարողացել կոտրել եզդիների մասին ունեցած կարծրատիպը։

— Հա՛, կոտրել եմ, — ասում է Էդիկը, — մենք ընկերներով հավաքվեցինք, այդ կարծրատիպը ոչնչացրեցինք մեր մեջ, որ չիմանան էլի, մենք էլ ենք եզդի, մենք էլ ենք մարդ, որ չիմանան էլի, որ իրանք ամեն ինչ կարող են, իսկ մենք՝ ոչ։  Դու պետք է հարգանք ունենաս էդ մարդու հանդեպ, որ ինքն էլ քո հանդեպ հարգանք ունենա: Եղել է, որ մի քանի անգամ կոնֆլիկտ ենք ունեցել իրար հետ, բայց դե արդեն չկա․ փոքր ենք եղել, չէինք հասկանում էլի։

Ուսուցչուհի Ժենյա Բրոյանը նկատում է, որ ազգային լեզվի, մշակույթ ու պատմության ուսուցումը չափազանց կարևոր է եզդի երեխայի մոտ իր ինքնությունը պահպանելու, նույնիսկ եզդի լինելու համար հպարտություն ձևավորելու առումով: Այս ամենն օգնում է երեխային լինել ավելի ինքնավստահ ու չթաքցնել ազգությունը։   Երկու տարի առաջ, երբ դեռ նոր էր սկսել երեխաների հետ աշխատել, Բրոյանը հիշում է, որ երեխաները կարծես ամաչում էին իրենց ազգությունից։

— Սկզբի տարիներին երեխեքը ոնց որ սենց ընկճված էին, — ասում է Բրոյանը, — բայց արդեն երկրորդ տարին է ես այդ ընկճվածությունը չեմ զգում։ Ծնողների հետ շփումը միշտ լինում է։ Ծնողները միշտ հաճախում են, հետաքրքրվում են իրենց երեխաներով։

Նորապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սահակյանից փորձում ենք պարզել, թե արդյոք իրենց հայտնի են խտրականության դրսևորումներ, եթե այո, ապա ինչ բնույթ են դրանք կրել, և որն ավելի կարևոր է, ինչպես է դպրոցը փորձում հաղթահարել ու կանխարգելել դրանք։

— Դպրոցում ընդհանրապես բոլոր միջոցառումներին մասնակից են դառնում նաև եզդի աշակերտները, — նշում է Սահակյանը՝ կարծես չընկալելով հարցի էությունը, — Նրանք որևէ ձևով, որևէ նկատառումով չեն տարբերվելու՝ ոչ սցենարային առումով, ոչ դերային կատարման առումով, որևէ ձևով տարբերություն չի դրվելու։ Եվ եթե դասարանական միջոցառում է, նրանք բոլորն ընդգրկվում են անխտիր՝ և՛ եզդիները և՛ հայերը։ Մշտապես եղել է այդպես, և շարունական է լինելու։

Փորձում ենք հետաքրքրվել, թե մշակութային ինչ այլ նախաձեռնություններ կան եզդի երեխաների համար։

— Դպրոցում մի պահ պարի խմբակ գործեց, — ասում է նա՝ նշելով, որ պարի խմբակում հայ ազգային պարեր էին սովորեցնում, — էդտեղ շատ ակտիվ էին և եզդի աղջիկները: Ազգագրական պարեր էին, նրանք ընդգրկվում էին և մեծ սիրով էին մասնակցում։ Հայկական պարեր էին, բայց եզդիները նույնպես մասնակցում էին։ Ես կարծում եմ, որ այնքան մոտ ազգեր են, որ այդքան հատուկ ընդգծված տարբերություններ չունեն։ Իհարկե, եզդիներն իրենց ուրույն մշակույթն ունեն։

— Ես ինքնս մեծացել եմ մի միջավայրում, որտեղ մի ամբողջ շարք եզդիներ էին ապրում, — ասում է Սահակյանը, — և ես դեռ մանկության տարիներին հիշում եմ նրանց հարսանիքները։ Բոլոր ծեսերին հետևելով, լեզուների նկատմամբ հակված մարդ, փորձում էի նույնիսկ նրանց լեզուն սովորել։ Երբեմն եզդի աշակերտների հետ խոսելիս ես նման բառեր եմ օգտագործում, իրենք ոգևորվում են։ Աշխատում եմ, որ իրենք իրենց դպրոցում չզգան իրենց օտար։ Ընկերանում են շատ հեշտ երեխաները։ Բայց երբեմն, եթե լինում են ինչ-որ կոնֆլիկտներ, աշխատում ենք ազգային խտրականության հողի վրա չմեկնաբանել, ուղղակի ընկերական որևէ հարցերում։

Դպրոցը, փաստորեն, նախընտրում է շրջանցել ազգային պատկանելության հողի վրա առաջացած կոնֆլիկտները և խնդիրը տեղափոխել այլ՝ «ընկերային» հարթություն՝ թողնելով այն չլուծված։

Սակայն որոշ քայլեր, այնուամենայնիվ, ձեռնարկվում են։ Այս տարի դպրոցը նախաձեռնողականություն ունեցավ ցերեկույթի միջոցով ներկայացնել եզդիական մշակույթն ու ավանդույթները։ Միջոցառման կազմակերպումը հանձնարարվել էր 9-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Նաբոյանին։

— Նախորդ տարի Աստղիկի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում, որի ընթացքում ազգային ծեսերն էին ներկայացվում, — նշում է նա, — մասնակցում էին նաև հայ աշակերտներ։  Միայն եզդիների ուժերով չէր, նաև իր հայ ընկերներն էին աջակցում։ Բայց ես չեմ կարող ասել, որ էդ ծեսերը, էդ միջոցառումն ինչ-որ փոփոխություն բերեցին դպրոցին։

Սակայն պետք է նշել, որ սա դպրոցի բարի կամքի, առանձին անհատների կողմից խնդիրը կարևորելու փաստով էր պայմանավորված. պետական քաղաքականությամբ մշակված մոտեցում առայժմ չկա:

Աստղիկը հպարտությամբ նշում է, որ առաջինն է եղել, ով դպրոցում կազմակերպել է եզդիների մշակութային ցերեկույթ, որին մասնակցել են նաև հայ երեխաներ։ Նա ասում է, որ եզդի երեխաների համար ցերեկույթը մեծ իրադարձություն էր։ Կազմակերպչական ջիղը աղջկա մոտ նկատել է դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։

— Ուղիղ մեկ տարի առաջ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Ղազարյանը մոտեցավ ինձ ու ասաց, որ ես նկատում եմ, որ քո մեջ կա կազմակերպչական մեծ ջիղ, ու ցանկանում եմ, որ դու քո ազգի ավանդույթները, սովորույթները ներկայացնես միջոցառման տեսքով, — պատմում է Աստղիկը, — և ներառես հայ ու եզդի երեխաներին։ Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց, որից ես ինքս էլ գոհ էի։

— Ընդհանրապես աշակերտի նկատմամբ վերաբերմունքն է փոխվում, — ասում է Սահակյանը, — եթե դու աշակերտին վերաբերվում ես որպես մարդու, անհատի, չընդգծելով նրա ազգային պատկանելությունը, ազգային որևէ գիծ, ամեն ինչ հաջող է ընթանում։ Որ մենք սենց խանդավառությամբ ներկայացնում ենք հենց Աստղիկի գործունեությունը, հենց նկարչականի երեխեքի հնարավորությունները, որ բացահայտվել են, Ալիկի՝ երբ ռուսաց լեզվի քննության ժամանակ բացահայտվել էր նրա երազանքը։ «Քո սիրած մասնագիտությունը» թե «Քո երազանքն» էր հարցը, ինքը խոսեց, որ ուզում է դերասան դառնալ։ Ես ասեմ, որ մենք շատ զարմացանք, որովհետև եզդիների շրջանում նման երազանք արտառոց էր մեզ համար։ Մենք ամեն կերպ փորձում ենք քաջալերել իրեն։ Եթե ինչ-որ պարապմունքների, միջոցառումների պիտի գնա, մենք աջակցում ենք իրեն, իհարկե, ծնողների հետ համաձայնեցված, որպեսզի ինքը ետ չմնա։ Դա հենց մեզ համար շատ մեծ հաղթանակ է։

Աստղիկը նաև ակտիվ մասնակցում է եզդի աղջիկների կրթական իրավունքի պաշտպանությանն ուղղված տարբեր նախաձեռնություններին։

— Հաճախ ինձ մոտենում են փողոցում մեր համայնքից ու շնորհակալություն հայտնում այն բանի համար, որ ես պայքարում եմ նաև իրենց աղջիկների կրթություն ստանալու իրավունքի համար, — ասում է նա պայծառ ժպտալով։

Աչքերի մեջ կայծկլտացող լույսով Աստղիկը խոսում է իր նվիրական երազանքի մասին՝ ստանալ իրավաբանի կրթություն։

— Իմ երազանքն է դպրոցն ավարտել ու ստանալ բարձրագույն կրթություն, ցանկանում եմ դառնալ իրավաբան, որպեսզի կարողանամ պաշտպանել մեր ազգի շահերը, մեր ազգի իրավունքները ներկայացնել ավելի բարձր հարթակներում։

Աստղիկից հետաքրքրվեցինք, թե ինչ երազանք ունի եզդի ազգի համար․

— Իմ ազգի համար ցանականում եմ, որ մեր ազգի յուրաքանչյուր տղա, աղջիկ կարողանա ստանալ բարձրագույն կրթություն։ Կան այնպիսի մարդիկ, ովքեր ունեն ցանկություն, սակայն չունեն հնարավորություններ։ Թերևս մենք այն ազգերից ենք, որ չունենք պետություն, իմ եզդիական մեծ երազանքն է տեսնել մարդկանց, տեսնել եզդիների, որոնք բարձր հարթակներից կխոսենք ազգի խնդիրների մասին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնի» կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնը» և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները:

Tekali Taxi