Երեկ Ազգային ժողովի օրակարգ է ընդգրկվել ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովի հեղինակած՝ Օսմանյան կայսրությունում ազգային֊կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության մասին օրինագիծը, որում ներառված փոքրամասնությունների շարքում նշված չեն եզդիները։ Այդ փաստը բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանի եզդիական համայնքում։ «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին (լուսանկարում) «Եզդիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» վերնագրով հոդված է հեղինակել, որը ներկայացնում ենք կրճատումներով։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Սինջարի» կայքում։
«Եզդիների համար Օսմանյան կայսրությունում ամենաանտանելի ժամանակաշրջանը կայսրության վերջին տարիներն էին, երբ անխնա կոտորվում էր ոչ մահմեդական խաղաղ բնակչությունը: Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրության տարածքում բնակվում էին ավելի քան 200 հազար եզդի ընտանիքներ, որոնք հիմնականում ապրում էին կիսանկախ ցեղային իշխանություններով [1]։
Եզդիների թվաքանակի մասին նման տեղեկություն է հայտնել հայ մեծանուն գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը, և հասկանալի է դառնում, որ Աբովյանի այս տվյալները վերաբերվում էին 19-րդ դարի առաջին կեսին: Մեր ձեռքի տակ է հայտնվել մեկ այլ փաստաթուղթ, որը ավելի թարմ տվյալներ է հայտնում եզդիների թվաքանակի մասին և ցույց է տալիս, թե Օսմանյան կայսրության իշխանությունների բարբարոսության հետևանքով որքան է կրճատվել եզդիների թիվը այդ կայսրության տարածքում: 1914 թվականին եզդիների առաջնորդ Միրե միրա Իսմաիլ Բեկը նամակ է ուղարկում Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ Բեկին և տեղեկացնում, թե ինչպիսի դրություն է իրենց մոտ: Նամակի մի հատվածում եզդիների առաջնորդը խոսում է կոնկրետ եզդիների թվաքանակի մասին. «…. վստահ եղեք, որ երկու հարյուր հազար տնվորներեն որ 1 150 000 ժողովուրդը կբաղկանար, այսօր թուրք կառավարության շնորհիվ 14 000 տուն, 80 000 ժողովուրդ է անձէ բաղկացյալ կապրինք, ասիկա թող ականջներուդ օղ ըլլա, որ անոնց վրեժը լուծեք առանց խնայելու…», – ասվում է առաջնորդի նամակում [2]:
20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության հովանու ներքո քրդերը համատարած հարձակումներ սկսեցին եզդիների նկատմամբ: Ահա այն բնակավայրերը, որոնք ոչնչացվել են Օսմանյան իշխանությունների կողմից քրդական խաժամուժի կողմից.
Ներկայիս Իրաքի հյուսիսային մաս՝ Էզիդխան տարածք, որի մեջ մտնում են Սինջար (Շանգալ), Սինուն, Գոբալ, Դըգուր, Գալի Ալի Բագե, Դհոկ, Զորավա, Կարսե ու Բարե, Սիբա, Թըլիզեր, Թըլզաֆե, Խրբադե Կավալա, Գըրզարկ, Ռմբուսի, Շարոկ, Թըլկազաբ, Թըլբանտա, Կոջո, Խոտըմի, Ռնդավա, Ամադիա։ Վերը նշված գյուղերում սպանվել է մոտ 200 հազար եզդի։
Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խանասորի (Խավասորի) դաշտերում սպանվել են մոտ100 հազար եզդիներ։ Եվս 100 հազար սպանվել են շրջակա գյուղերում՝ Ավաղ, Ախուրիկ, Աջալի, Արճակ, Բեգրիբ, Հավասի, Բեջարմո, Բերտիս, Գիադին, Գոնդուրմա, Զևա, Դերջամադա Ժերին, Դերջամադա Ժորին, Դուավան, Ղնդի, Էրջիս (Արճեշ), Թոնդուրակ, Խաչան, Խոջաղշլաղ, Խասամիայն, Կուջապնար, Կարակալը, Կիրատո, Կոլզոտ, Կյուչեք քեյ, Մերվանե, Մոլլահասան, Մուչա, Մուրադին, Յարըմկա, Նոշար, Շահմանիս, Շերեֆխանե, Շիկեֆտի, Չալդրան, Չրաղ, Չիբուխլու, Պշիկումբաթ, Ջանիկ, Սարայ, Տիմար (Թիմար), Ուստե, Օրենե։
Մուշի (Կավանե քերե), Ավախե, Դիարբեքիր (Դաշտա Բըշերի), Մարդե Խազալիե (Խարզա), Ջզիրե նահանգների Ազըկա Ժերին, Ազըկա Ժորին, Ալկա, Բազիդանե, Բասմուտե, Բախըմս, Բերկլե, Գալիե Զիլան, Գեդուկե, Դուշա, Երեդ, Զախորաե, Զեիկ, Զերինե, Խնուս, Կախարինե, Կավրզոյե, Կոբոլդոր, Կորխե, Ճներիա, Հադունա, Հաջրե, Հասկտիվա, Մայմունիե, Շըմզե, Շկավտա, Ջնասկար, Ռամե, Ֆըրկիրա և այլ գյուղերում սպանվել են 60 հազար եզդիներ։
Էրզրումի նահանգ (Բայազետի-Ալաշկերտի գավառ), Օրթըլա, Դիադին և այլ վայրերում սպանվել են մոտ 7 500 եզդիներ։
Կարսի մարզ. Կարսի գավառի Օզըրլու (Օղուզլու), Ալաջայի ձորում սպանվել են մոտ 5 հազար եզդի, Կաղզվանի գավառի Կակաիզմանի Կոլպե (Կողբ) բնակավայրում սպանվել են մոտ 3 հազար եզդի, Դիգորի գավառում, 70 գյուղերի՝ Ալաշգըր, Ալաշկերտ, Ամանկոյ, Ամանչայիր, Այլասինջո, Աքար, Բայրամքոմ, Բաջալի, Բաշքենդիկվեր, Բելիհամեդ, Գոգորմաս, Դիգոր (Տեկոր) գավառի, Դուզգելի, Թոխուբուր, Խարաբա, Դիգոր, Խատաբա, Չիբուխլը, Կյունդո, Հասանջան, Նոկա, Շանդրխղլի, Սուսուլ, Տաշնիկա Եզդիկա, Տուզակ, Ուլիքանդ, Փաշարջիկ և այլ գյուղերում շուրջ 9 հազար եզդի բռնի իսլամացվել է։
Սուրմալուի մարզի Իգդիրի գավառ. Խարֆալու, Ալչալու, Ասլանլու, Բաշ Սինակ, Բանդամուրադ, Գըլի, Գյարմաշվե, Դամսխան, Զարիբխանը, Զորե, Խանե, Խրբեսոր, Կարախտին, Կարակու, Կուճ, Մախսուդյա, Մաջրի, Շեխերի, Տաուշան, Սայիբլախ, Տաշքորփի, Քալո և այլն։ Սպանվել է մոտ 10 հազար եզդի։
1918թ. Արփաչայի (Ախուրյան) և Արաքս գետի անցումների ժամանակ խեղդվել և սովամահ են եղել մոտ 4 հազար եզդիներ [3]։
Ինչպես արդեն տեղեկացանք Միր Իսմաիլի նամակից, որը ուղղված էր Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ բեկին, 1 150 000 եզդիներից փրկվել էին միայն 80 000-ը, իսկ մոտ 20 000 եզդիներ անցել էին ներկայիս Հայաստան և փրկվել կոտորածից: Այս հանգամանքը փաստում է այն մասին, որ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ժողովուրդներից ամենամեծ արհավիրքը տեսած ժողովուրդներից մեկը եզդիներն են»:
[1] Խ. Աբովյան, ԵԼԺ, հ8, Երևան, 1958, էջ 406
[2] Հայաստանի Հանրապետության Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Այլ և այլ հեղինակների արխիվ. թղտապանակ N: 240, վավերագիր N:3
[3] Ali Seedo Rashi «The Yezidism», Baghdad, April 2005