Home / Դատարան / Նա թուրք չէ՝ հերոս է. քոչարյանականները մարդկանց են ծեծել

Նա թուրք չէ՝ հերոս է. քոչարյանականները մարդկանց են ծեծել

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում ծեծել են հակընդդեմ ցույցի մասնակիցներից մեկին, ով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Ականատեսների խոսքերով՝ տղամարդը վանկարկել է «Քոչարյան՝ հանցագործ», ինչից հետո նախկին նախագահի աջակիցները՝ 4-5 հոգով հարձակվել են նրա վրա, գցել գետնին և սկսել ոտքերով հարվածել։ Տղամարդը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանով։ Հարձակվողներից մեկը բերման է ենթարկվել։

Ավելու ուշ բերման են եթարկվել Քոչարյանի աջակիցներից ևս երկուսը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ու Նարեկ Մանթաշյանը՝ հակընդդեմ ցույցի մասնակից տարեց կնոջը հարվածելու համար։

«Այդ կինը ինձ ասել ա թուրք, անիծել ա իմ երեխային, ես հարվածել եմ։ Ես հարվածել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլի հենարաններին։ Ես ընդունում եմ եւ էլի կհարվածեմ ցանկացած մեկին, ով ինձ կասի թուրք,» – բերման ենթարկվելիս ասել է Հարությունյան՝ շարունակելով․ «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կռիվն է, Նիկոլն արդեն խաղի մեջ չի։ Էսօր հող տալու կռիվ է։ ․․․մենք բոլորս պիտի կանգնենք ու քացու տակ գցենք էն մարդկանց, որոնք հերոսներին տականք են ասում ու անիծում։ ․․․Նիկոլը ասֆալտին էր փռում, ես սենց ոտքով կճխլեմ Նիկոլին էլ, Լևոնի զոմբիներին էլ»։

Հարությունյանը նշել է, որ իրեն չեն հետաքրքրում իր կատարած քայլի իրավական հետեւանքները։

Ոստիկանները բերման են ենթարկել նաև տիկին Սեդային, ում Հարվածել էր Արամ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել էր մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը։  Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ խնդրելով Սահմանադրական դատարանի որոշման հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը և ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։

Մի քանի ժամ տևած նիստի վերջում դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13-ին։

Դատական նիստի ողջ ընթացքում դատարանի շենքի մոտ ի աջակացություն Քոչարյանի և ընդդեմ Քոչարյանի բողոքի ցույցեր են անցկացվել։

Tekali Taxi