Home / Հայաստան / Չեկիզմի էջը պետք է փակվի․ Արթուր Վանեցյանին՝ ֆուտբոլային հաղթանակներ

Չեկիզմի էջը պետք է փակվի․ Արթուր Վանեցյանին՝ ֆուտբոլային հաղթանակներ

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանն իր հայտարարությունում ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ չի հանում պետականաշինությունից, առաջնայինը չի տարբերում երկրարդականից և այլն: Այս մասին ֆեյսբուքի պոստում գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ուժային կառույցի ղեկավարի հեռացմանը։

«Անասնաբույծի դիպլոմով ու հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ի Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնին հասած մեկը, ում օրոք երկրի ղեկավարին են գաղտնալսել, համարում է, որ Նիկոլ Փաշինյանից լավ գիտի, թե ինչպես կառուցել պետություն:

ԱԱԾ-ում ծառայում են և կատարում քաղաքացիական/քաղաքական անձանց (վարչապետի) առաջադրանքները, առաջնորդվում քաղաքական/քաղաքացիական խորհրդարանի ընդունած օրենքներով: Սա ժողովրդավարության կանոնն է, որի հետ չեն համակերպվում չեկիստները:

Չեկիստական մոտեցման վառ արտահայտում է համարելը, որ ԱԱԾ-ն պետք է պետության կառուցման հետ կապված որոշումներ ընդունի կամ այդ որոշումների վրա ազդեցություն ունենա:

Չեկիզմի էջը պետք է փակվի: Իսկ Արթուր Վանեցյանին մաղթում եմ ֆուտբոլային հաղթանակներ, դա իր մոտ ավելի լավ է ստացվում»:

Հիշեցնենք, որ վարչապետի ասուլիսին զուգահեռ Վանեցյանը տարացել է հետևյալ հայտարարությունը․

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: