Home / Դատարան / Ռուսաստանում կոծկում են բիոզուգարանում հրկիզված միգրանտի սպանությունը

Ռուսաստանում կոծկում են բիոզուգարանում հրկիզված միգրանտի սպանությունը

Ուզբեկստանի Թաշքուրղան գյուղում կայացավ 46-ամյա Ազամատ Խամրաևի թաղումը, որի դին Ռուսաստանի Կալինիգրադ քաղաքից էին բերել։ Սեպտեմբերի 11-ին ՌԴ֊ում 24-ամյա տեղացի են ձերբակալել, ով, ըստ քննության տվյալների, բահով սպանել էր միգրանտին և այրել նրա մարմինը բիոզուգարանում։ Սակայն, ականատեսների խոսքով, Խամրաևի սպանությանը մասնակցել էին մի քանի հոգի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը։

Քննչական կոմիտեն հրապարակել է սպանության մեջ կասկածվողի հարցաքննության տեսանյութից մի հատված, որում ձերբակալվածը հայտնել է, որ ընկերների հետ հանգստանում էր մի լքված այգում։ Այնտեղ էլ տեսել էր անծանոթ տղամարդուն, որի վարքագիծը նրան դուր չէր եկել։ Երիտասարդը բահով մի քանի հարված է հասցրել զոհի գլխին, այնուհետև մարմինը դեպի բիոզուգարան քարշ տվել և հրկիզել՝ անվադողերի օգտագործմամբ, նախապես դրանց վրա ներկ լցնելով։

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն, 46-ամյա ուզբեկստանցին մահացել էր գանգուղեղային փակ վնասվածքից։

Մահացածի ծանոթները հայտնել են, որ դեպքի վայրում նաև մեկ ուրիշ ուզբեկստանցի միգրանտ էր տուժել․ նրան նույն մարդիկ էին ծեծի ենթարկել։ Կալինինգրադում մի քանի տարի շինարարության վրա աշխատող Զաֆարն ասում է, որ Խամրաևին մի խումբ երիտասարդներ էին սպանել։ Իր խոսքով՝ ավելի վաղ նույն մարդիկ իր մեկ այլ հայրենակցու էին ծեծել և կոտրել նրա ոտքը։

– Հանգուցյալ Ազամատ Խամրաևն ու մեր մեկ այլ հայրենակից Ա․Պ․֊ն նստած գարեջուր էին խմում Մորոզով փողոցում, երբ իրենց էին մոտեցել մի խումբ երիտասարդներ՝ աղջիկներ և տղաներ, որոնք մերոնցից սիգարետ էին խնդրել։ Նրանց միջև լեզվակռիվ տեղի ունեցավ, որի հետևանքով երիտասարդները ծեծեցին ու կոտրեցին Ա․Պ․֊ի ոտքը։ Ազամատն ստիպված էր ընկերոջը շտապ օգնության մեքենայով հիվանդանոց ուղարկել։

Նա ասում է, որ այժմ Կալինինգրադի ոստիկանությունը փորձում է ուզբեկ միգրանտի սպանության գործը որպես մանր կենցաղային կոնֆլիկտ որակավորել։

– Կռվի ժամանակ տեղացիները խլել էին մերոնց անձնագրերը։ Երբ շտապ օգնությունը տարավ Ա․֊ին, Ազամատն ինքը որոշեց գնալ իրենց մոտ ու հետ բերել անձնագրերը։ Ա․֊ն հիվանդանոցից այլ ուզբեկների զանգահարեց, որ գան ու օգնեն Ազամատին։ Երբ մերոնք տեղ հասան, այգում մի քանի ռուս տղաների տեսան, նրանք ալկոհոլի ու թմրանյութի ազդեցության տակ էին։ Վախեցան երեկոյան ժամի դրանց մոտենալ։ Առավոտյան վերադառնալով, բիոզուգարանում դի տեսան․ նրա երկու ոտքերը դուրս էին ցցվել դռնից։ Այդտեղ նրանք Ազամատի հագուստն ու անձնագիրը գտան։ Ինձ հունից հանում է այն, որ այժմ ոստիկանությունը փորձում է հանցագործության մեջ մեղադրել միայն մեկ անձի, նույնիսկ չեն հիշատակում Ա․Պ․֊ի անունը, ում ոտքը կոտրել էին։ Իրավապահ մարմինները փորձում են կոծկել այս գործը՝ այն որպես մանր կենցաղային կոնֆլիկտ որակավորելով։

Լրագրողին հաջողվել է գտնել 44-ամյա ուզբեկ միգրանտ Ա․Ն․֊ին, ով սեպտեմբերի 10-ի երեկոյան ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել էր։ Բժիշկները հայտնել են, որ նա արդեն տրավմատոլոգիայի բաժանմունքում է։ Տղամարդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերել։

Սպանված ուզբեկստանցին վերջին տասը տարիների ընթացքում աշխատում էր Կալինինգրադում և զբաղվում վերանորոգման աշխատանքներով։ Սեպտեմբերի 15-ին նրա դին, համագյուղացիների ուժերով, ուղարկվել էր Ուզբեկստան։ Հաջորդ օրը սպանվածին հուղարկավորեցին։

Խամրաևն ուներ երկու դուստր և մեկ որդի։

Tekali Taxi