Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին։
«Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է հետաքննություն», ֊ ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
Երեկ տեղի ունեցած միջադեպի տեսանյութն արագ տարածվեց համացանցում։ Օգտատերերի զգալի մասը պահանջում է քայլեր ձեռնարկել՝ դատավորի վրա ճնշումները բացառելու համար։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, մասնավորապես, գրել է․ «Վարձկան “դատապաշտպաններն” ասելիք չունե՞ն տեղի ունեցածի կապակցությամբ։ Թե՞ միայն իրենց նման կավատ “դատավորի” կամ էն անդամ-անդամուհիների համար ա սիրտները ցավում։ Թե՞ մինչեւ փողը չտան՝ չեն խոսա»։
Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատականի՝ միջադեպի մասնակիցները չափներն անցան․ «Սա հաստատ..․ իսկ ոստիկանությունը եթե էշի ականջում քնելու է, ապա ողջ հետևանքների համար անմիջական պատասխանատվությունը կրելու է անձամբ ոստիկանապետն ու իշխանությունը»։
Նշենք, որ դատավորին խոսեցնել փորձած անձը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի ընթացքում վերջինիս աջակցողներից է։