Home / Մեդիա / ԶԼՄ֊ները՝ քարոզչամիջոց․ երևանյան մամուլի ակումբի վրա հարձակումն անթույլատրելի է

ԶԼՄ֊ները՝ քարոզչամիջոց․ երևանյան մամուլի ակումբի վրա հարձակումն անթույլատրելի է

Հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը տեղեկացրեց, որ 4 քաղաքացիներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Հովհաննիսյանն ասել է, որ այդ լրատվամիջոցը իրավունք չունի գործունեություն ծավալել։ Այս օրերին ակումբի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ դատապարտող հայտարարություններ են տարածվում։ Ակումբի հիմնադիրն ու ղեկավարն Անժելա Թովմասյանն է, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը։ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)։

Այսօր հայտարարությամբ են հանդես եկել մի շարք լրագրողական կազմակերպություններ․

«Հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։ Ըստ երիտասարդների՝ այս քայլի դրդապատճառը «Hayeli.am»-ում հրապարակված` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածն է (հետագայում հուժկու բառը փոխարինվել է չակերտավորված «ուժգին»-ով)։

Զերծ մնալով նշված հրապարակման վերնագրի մասնագիտական գնահատականից՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այն կարծիք է, դատողություն, որի արտահայտման իրավունքը ժողովրդավարական հասարակությունում ունի յուրաքանչյուր ոք՝ անկախ նրանից, թե դա ոմանց դուր է գալիս, թե ոչ։ Հետևաբար՝ անընդունելի և դատապարտելի են այն քայլերը, որոնք կարող են ճնշել կամ ոտնահարել այդ իրավունքը։

Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ ԶԼՄ-ների բևեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախևառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները և այլն։ Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով։

Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում ենք.

• Իշխանություններից և ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ հանդես գալ հայտարարություններով և կոչ անել իրենց աջակիցներին ու համակիրներին՝ զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել այլ կարծիքներ և տեսակետներ արտահայտողների նկատմամբ,

• Իրավապահ մարմիններից՝ քննության առնել «Hayeli.am»-ի խմբագրության տարածքում տեղի ունեցած միջադեպը և հիմքերի առկայության դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ,

• Տարբեր քաղաքական ճամբարների շահերը սպասարկող ԶԼՄ-ներից՝ վերադառնալ պրոֆեսիոնալ դաշտ. հրաժարվել մանիպուլյացիաներից, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել լրագրողական էթիկայի նորմերին, հարգել ու ներկայացնել հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»։

Ավելի վաղ տեղի ունեցածն անթույլատրելի է որակել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․ «Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։ Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»։

Միջադեպը մեկնաբանել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ «լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ»։

«Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական», ֊ ասել է նա։