Home / Մարզեր / Սիրիայում պատերազմ է․ թարմացումներ

Սիրիայում պատերազմ է․ թարմացումներ

Քրդական խմբավորումները համաձայնության են եկել պաշտոնական Դամասկոսի հետ՝ թուրքական զինուժի առաջխաղացումը կանխելու համար Թուրքիայի և Սիրիայի սահմանի երկայնքով  սիրիական կառավարական զորքերի տեղակայման շուրջ։ Սիրիայի բանակը շարժվում է դեպի հյուսիս՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ և Քոբանի բնակավայրեր։

Մինչ այս սիրիական և թուրքական զորքերը երբևիցե չեն մտել ուղիղ հակամարտության մեջ։

Սիրիական բանակի՝ դեպի հյուսիս զորքեր ուղարկելու մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։ «Սիրիական բանակի որոշ ստորաբաժանումներ շարժվում են դեպի երկրի հյուսիս՝ թուրքական ագրեսիային դիմակայելու համար»,- հաղորդում են պետական լրատվամիջոցները։

Հոկտեմբերի 12-ին քուրդ Գեներալ Մազլում Քոբանի Աբդին ԱՄՆ֊ին դիմելով հայտարարել էր, որ եթե վերջիններս սահմանից հետ կանչեն իրենց զորքերը, ապա քրդերը կփորձեն «համաձայնություն կնքել Ռուսաստանի հետ»։

«Ես պետք է իմանամ, կարո՞ղ եք արդյոք դուք պաշտպանել մեր ժողովրդին ու կանգնացնել այս ռմբակոծությունները։ Ես պետք է իմանամ, քանի որ եթե դուք դա անել չեք կարող, ինձ պետք կլինի պայմանագրեր կնքել ռեժիմի ու Ռուսաստանի հետ, հրավիրել իրենց ինքնաթիռները, որ մեզ պաշտպանեն»,- հայտարարել է նա։

Կիրակի օրը Ռեյթեր գործակալությունը հայտնեց, որ քրդերի առաջնորդներն ու Ասադի կառավարության ներկայացուցիչները բանակցություններ են վարել Հմեյմիմ բազայում, որտեղ ռուսական ավիացիան է տեղակայված։

Al Mayadeen հեռուստաալիքով կիրակի օրը հայտարարեցին, որ մոտակա 48 ժամվա մեջ սիրիական բանակը կհասնի քրդական Մանբիջ և Քոբանի քաղաքներ։ Ստորաբաժանումների քանակի ու կազմի մասին տեղեկություններ չկան։

Զոհեր, վիրավորներ

Թուրքիան պնդում է, որ իրենք հարվածներ հասցնում են միայն ռազմական օբյեկտներին, քրդերն ասում են, որ տուժում է խաղաղ բնակչությունը։ Մարդու իրավունքների դիտարկման Սիրիական կենտրոնի տվյալներով, կիրակի օրվա դրությամբ ռազմական գործողություններից տուժել է նվազագույնը 26 խաղաղ քաղաքացի։

ՄԱԿ֊ի գնահատմամբ օպերացիայի սկզբից տարհանվել է շուրջ 130 հազար մարդ։ Միջազգային կազմակերպությունները զգուշացնում են նոր մարդասիրական ճգնաժամի մասին։

Զոհերի ու տուժածների թիվը երկու կողմերից գնալով մեծանում է․

  • Սպանվել է նվազագույնը 50 քաղաքացի և ավելի քան 100 քուրդ զինյալ, հայտնում է Մարդու իրավունքների դիտարկման Բրիտանիայում տեղակայված Սիրիական կենտրոնը։
  • Սիրիական ժողովրդավարական ուժերի տվյալներով սպանվել է 56 քուրդ զինյալ։ Թուրքական իշխանությունները պանդում են, որ սպանվել է 440 քուրդ զինյալ։
  • Թուրքական կողմի պնդմամբ Թուրքիայի հարավում սպանվել է 18 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ սիրիացի երեխա։
  • Սպանվել են 16 սիրիացի ապստամբներ, ովքեր Թուրքիայի կողմից էին կռվում, և չորս թուրք զինվոր, հայտնում են թուրքական իշխանությունները։

Փախուստ Այն֊Իսայից

Կիրակի օրը Սիրիայի հյուսիսում գտնվող Այն֊Իսա ճամբարից փախել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամների ընտանիքների հարյուրավոր անդամներ։ Սիրիայի քրդերն ավելի վաղ զգուշացրել էին, որ այլևս ի զորու չեն պատշաճ կերպով իրականացնել երկրի հյուսիսում տեղակայված բանտերի ու ճամբարների վերահսկողությունը։

Այն֊Իսա ճամբարի փախուստի դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Դիտորդական խումբը խոսում է 100 փախուստի դիմածի մասին, քրդական իշխանությունները հայտարարում են, որ փախել են «Իսլամական պետության» օտարերկրյա անդամների ավելի քան 800 ազգականներ։

Փախուստի մասին լուրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որակել է որպես ապատեղեկատվություն։

Այն֊Իսայում շուրջ 12 000 տեղահանված է բնակվում, այդ թվում՝ ԻՊ հետ կապեր ունեցող շուրջ 1000 կին և երեխա։

Քրդական ադմինիստրացիան պնդում է, որ ճամբարն «այժմ առանց հսկողության է»։

Բի֊բի֊բի֊ի խմբագիր Սեբաստիան Աշերի խոսքով, եթե փախուստի մասին լուրը հաստատվի, ստեղծված քաոտիկ իրավիճակում հնարավոր չի լինի պարզել, թե ուր են գնացել փախածները։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը քրդական Ռաս֊Էլ֊Այն և Թել֊Աբյադ քաղաքներում պայթուցիկով լցված երկու մեքենա էր պայթել։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Իսլամական Պետությունը։ ԻՊ֊ն հայտարարել էր Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին՝ քրդական բանտերում պահվող իրենց մարդկանց համար վրեժխնդիր լինելու համար։

Ինչպե՞ս է զարգանում հարձակումը

Ռաս֊էլ֊Այն և Թել֊Աբյադ քաղաքները թուրքական կողմի հիմնական նպատակակատերն են։

Շաբաթ օրը Ռաս֊էլ֊Այնի շուրջ ռազմական գործողությունները ուժգնացել էին, կապված սահմանապահ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին հակասական լուրերի հետ։

Թուրքիան հայտարարել էր, որ իրենց դաշնակից սիրիական ապստամբները գրավել են քաղաքի կենտրոնը։ Քրդերի ղեկավարած Սիրիական ժողովրդավարական ուժերը հերքում էին քաղաքի գրավման մասին լուրերը։

Թուրքիայի դանակիցները պնդում են, որ գրավել են սահմանից շուրջ 30կմ հեռավորության վրա գտնվող մարտավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներ և ավելի քան մեկ տասնյակ գյուղեր։

Կիրակի թուրք զինյալները հայտարարեցին, որ հաջողվել է իրենց հսկողության տակ վերցնել М-4 մայրուղին Սիրիայի հյուսիսում։ Թուրքական ուժերը Սիրիայի տարածքում խորացել են 30-35կմ։

Միջազգային ռեակցիան

Ռազմական գործողությունները դադարեցնելու համար Թուրքիայի վրա ճնշում է գործադրվում, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ օպերացիան շարունակվելու է։

Շաբաթ օրը Ֆրանսիան հայտարարել է իրենց կողմից դեպի Թուրքիա զենքի արտահանման դադարեցման մասին։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են ՆԱՏՈ֊ի դաշնակցին զենքի վաճառքի ծավալների կրճատման մասին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանին զգուշացրել է, որ օպերացիան կարող է «զրոյացնել Սիրիայում ԻՊ֊ի դեմ պայքարի հասած արդյունքները»։

Քրդերը նշել են, որ իրենց խաբված են զգում Թրամփի որոշմամբ ամերիկյան զորքեի հետկանչի պատճառով։

Թրամփն «անհրաժեշտության դեպքում» պատրաստ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։

Շաբաթ օրը մի շարք Եվրոպական քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել ի նշան թուրքիայի հարձակման դեմ բողոքի։

Կիրակի օրը Ամերիկյան կառավարությունը հայտարարել է Սիրիայից զորքերի ամբողջական հետ կանչի մասին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իմացանք, որ Թուրքիան, կարծես, նախատեսում է ընդլայնել հարձակումների շրջանակը դեպի հյուսիս և դեպի արևմուտք», – Սի֊Բի֊Էս հեռուստաալիքին հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պնդմամբ, ֆրանսիական կողմը փորձում է կանգնեցնել թուրքական հարձակումները։

«Խոսել ենք նախագահ Թրամփի ու նախագահ Էրդողանի հետ և պարզ ասել, որ մենք երկուսս էլ [Մակրոն և Թրամփ, խմբ․] ուզում ենք, որ այս հարձակումը դադարեցվի։ Երկուսս էլ կարծում ենք, որ այս ռազմական գործողությունները ահաբեկչական կազմակերպությունների վերադարձի ռիսկեր են ստեղծում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Tekali Taxi