Home / Ոստիկանություն / Քաղաքականացված փոխոստիկանապետը պետք է զգուշանար լրագրողներից

Քաղաքականացված փոխոստիկանապետը պետք է զգուշանար լրագրողներից

Նման բարձր դիրք զբաղեցնող ոստիկանը պետք է իմանա, որ լրագրողների հետ պետք է մի քիչ զգույշ լինի: Լրագրողները ցանկացած հարց կարող են տալ, իրենք էլ պետք է պատրաստ լինեն, որ չընկնեն քաղաքական որևէ շահարկման մեջ: Հոկտեմբերի 25֊ին՝ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ, պաստախանելով փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին հարցին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ փոխոստիկանապետ Քոչարյանը «վարչապետի առաջարկությամբ» և նախագահի հրամանագրով ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Մեկնաբանելով Քոչարյանի պաշտոնանկությունը, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարաց, որ Քոչարյանն աշխատանքից ազատվել է քաղաքական հայտարարություններ հնչեցնելու պատճառով: Ավելի վաղ փոխոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դեմ է Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին:

Պատգամավոր Անդրանքիկ Քոչարյանը համակարծիք է, որ ուժային կառույցների ղեկավարները պետք է օրենքով սահմանված ծառայություն իրականացնեն և «քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն»։

«Եթե այդպես [իբրև քաղաքական] է գնահատվել իր հայտարարությունը և որոշումը կայացվել է այդ կոնտեքստում, բնականաբար այն պետք է չհապաղեր: Ես ափսոսում եմ, որովհետև Հովհաննես Քոչարյանն այս ընթացքում մեր հանձնաժողովի հետ շատ լավ է աշխատել: Դա կորուստ է ոստիկանության համար: Բայց նման բարձր դիրք զբաղեցնող ոստիկանը նաև պետք է իմանա, որ լրագրողներից պետք է մի քիչ զգույշ լինի: Լրագրողները ցանկացած հարց կարող են տալ, իրենք էլ պետք է պատրաստ լինեն, որ չընկնեն քաղաքական որևէ շահարկման մեջ», – ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Հոկտեմբերի 22-ին փոխոստիկանապետը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն: «Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»: Նախագիծն, ըստ Քոչարյանի, պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում։

Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր Ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: