Գլխավոր / Հայաստան / Հետախուզվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի քույրը․ ՀՔԾ

Հետախուզվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի քույրը․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ։ Այս մասին Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝ «կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի հարազատների կողմից քննության օբյեկտիվ ընթացքը խեղաթյուրելու ակնկալվող փորձերից և հնարավոր անհիմն շահարկումներից»։

«Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` հոկտեմբերի 31-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և նոյեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է», – ասված է հաղորդագրության մեջ։

Անցած տարի հարուցված քրեական գործի շրջանակներում Անահիտ Ֆարմանյանն, ով ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ ՀՀ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից դիպլոմների, դրանց միջուկների պատվիրման և տպագրման պատրվակով 2013-2016 թվականներին հավաքագրել էր 19.409.500 ՀՀ դրամ և խարդախությամբ հափշտակել գումարը։

Tekali Taxi