Գլխավոր / Համայնքներ / Օգնություն մանկատան շրջանավարտներին, նպաստառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Օգնություն մանկատան շրջանավարտներին, նպաստառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թվականից։ Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց համապատասխան նախագիծը։

2003 թվականից պետությունը չի կատարել կամ թերի է կատարել իր պարտականությունը՝ չապահովելով մանկատան շրջանավարտներին բնակարաններով։ Դրանք հիմնականում հատկացվել են սոցիալական բնակարանային ֆոնդից՝ դրանց առկայության պարագայում, սակայն մանկատան շրջանավարտները, հիմնականում, հրաժարվել են բնակվել այդ բնակարաններում, շատերն էլ փորձում են քողարկել այնտեղ բնակության փաստը:

Կառավարությունը 1 մլդ 900 մլն դրամ կտրամադրի մանկատան շրջանավարտի բնակարանային կարիքները հոգալուն։ Յուրաքանչյուր շրջանավարտի կտրամադրվի 6.3 մլն դրամ արժողությամբ բնակարանների գնման վկայագրեր։

Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:

Մարզում տուն գնելու պարագայում՝ կտրվի նաև մասնագիտական ուսուցում և աշխատանքի անցնելու հնարավորություն կամ կզարգացվի բիզնեսով զբաղվելու նրանց հմտությունները և կտրվի նախնական կապիտալ։

Մեկ այլ որոշման համաձայն, 1000 ընտանիքի՝ առանց նպաստից զրկվելու, հնարավորություն կընձեռվի զբաղվել անասնապահությամբ: Նախարարությունը տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ զբաղվելու համար աջակցություն կտրամադրի, ինչպես նաև անասնակեր և մասնագիտական խորհրդատվություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գրառման համաձայն, «սկսում ենք փոքր համայնքային տների ծրագիրը հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց համար, այդ թվում՝ Խարբերդի մանկատանը գտնվող և արդեն չափահաս դարձած մարդկանց համար։

Մի խոսքով, սկսում ենք քաղել տարեսկզբից աշխատանքի արդյունքները»։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ կրկին մշակված Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից, հաշմանդամություն ունեցող շուրջ 60 անձի համար ձեռք կբերվի և կկահավորվի համայնքային 5 փոքր տուն և 5 պաշտպանված բնակարան:

«Առաջարկում ենք տրամադրել աջակցություն հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են ապրել մասնագիտացված մանկատանը, թեև իրենց 18 տարին վաղուց լրացել է, կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքի հաստատություններում։

Կառավարությունը երևէ քայլեր չի ձեռնարկել այս անձանց նույնիսկ հերթացուցակում գրանցելու համար, և նրանք պարզապես մի հաստատությունից տեղափոխվել են մեկ այլ հաստատություն։

Այս որոշմամբ նախատեսում ենք ընտանեկանին մոտ միջավայրում կազմակերպել այս քաղաքացիների ինքնուրույն կյանքը՝ համայնքային փոքր տներում և սոցիալական բնակարաններում, մասնագիտական աջակցության միջոցով», – ասաց զեկուցող նախարար Զարուհի Բաթոյանը։

 

Tekali Taxi