հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Վրաստանում սպառնում են ձախողել երկու տղամարդկանց սիրո մասին առաջին վրացական ֆիլմի ցուցադրությունը

Վրաստանում սպառնում են ձախողել երկու տղամարդկանց սիրո մասին առաջին վրացական ֆիլմի ցուցադրությունը

Մեկուկես րոպեանոց թրեյլերը բավական էր, որ վրացի ազգայնականները մոբիլիզացվեն Ակինի ֆիլմի դեմ, հայտնում է Jamnews֊ը։

Նոյեմբերի 8-10-ը Թբիլիսիի կինոթատրոններում կցուցադրվի ԼԳԲՏ հարաբերությունների թեմայով առաջին վրացական ֆիլմը՝ «Իսկ հետո մենք պարեցինք» (And Then We Danced)։

Սակայն ուլտրաաջ ազգայնականներն, ինչպես նաև եկեղեցու ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պրեմիերա չի լինելու․ նրանք պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել և արգելափակել կինոթատրոնների մուտքերը։

Պատճառն այն է, որ տղամարդկանց միջև սերն անընդունելի է վրացական հասարակության համար, կարծում են նրանք։ Ֆիլմը նկարահանել է վրացական ծագումով շվեդ ռեժիսոր Լևան Ակինը։ Ժապավենը պատմում է երկու պարողների սիրո մասին։

Ֆիլմը Շվեդիայի կողմից ներկայացվել է «Օսկարի»։

Գործողությունը տեղի է ունենում Թբիլիսիում՝ Վրաստանի ազգային համույթի ստուդիայում, որտեղ վրացական ազգային պարեր են պարում։

Մերաբը մանկությունից պարում է իր զուգընկերուհի Մարիի հետ։

Նրա կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ ստուդիայի դռները բացում է Իրակլի անունով երիտասարդը։ Մերաբի մոտ զգացմունք է առաջանում նրա նկատմամբ։

– Գիտե՞ս՝ ուր ես եկել։

– Վրացական ազգային համույթ։

– Ուրեմն հանի՛ր այդ ականջօղը։

Այսպիսի երկխոսություն է հնչում ֆիլմի թրեյլերում։ Այնտեղ կա նաև հետևյալ արտահայտությունը․ «Վրացական պարը հիմնված է տղամարդկության վրա։ Դրանում թուլության համար տեղ չկա»։

Ցուցադրությունից մի քանի օր առաջ ֆիլմի բոլոր տոմսերը վերջացել են և՛ Թբիլիսիում, և՛ Բաթումում։

Այդ մեկուկես րոպեանոց թրեյլերը բավական էր, որպեսզի վրացի ազգայնականները մոբիլիզացվեն Ակինի ֆիլմի դեմ։

«Ամռանը մենք ձախողեցինք գեյ-շքերթն, այժմ կձախողենք այս կինոցուցադրությունը», – հայտարարել է «Վրացական երթ» ազգայնական շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, որը մի քանի տարի առաջ աշխատում էր որպես սփյուռքի հարցերի փոխնախարար գործող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունում։

Սակայն Բրեգաձեն խոստանում է, որ ինքն ու իր համախոհները խանգարելու են ցուցադրությանը «խաղաղ, առանց որևէ բռնության, սահմանադրության և ինքնաարտահայտման ազատության շրջանակներում»։

«Վրացական երթ» ուլտրաազգայնական վրացական կազմակերպությունը, որը գլխավորում է Բրեգաձեն, ստեղծվել է երեք տարի առաջ և հասցրել է հայտնի դառնալ իր աղմկահարույց ակցիաներով և մի շարք միջադեպերով։ Օրինակ, «Վրացական երթի» նախաձեռնություններից մեկը Թբիլիսիի փողոցներում պարեկություն անելն ու միգրանտներին բռնելն էր։

Ֆիլմի դեմ իր կողմնակիցներին է արդեն մոբիլիզացնում վրացի մեկ այլ ազգայնական, գործարար Լևան Վասաձեն։

Ֆեյսբուքյան տեսաուղերձում Վասաձեն կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Թբիլիսիի կենտրոնում՝ Վերե այգում, և «բաց ձեռքերով, առանց ագրեսիայի մտնել կինոթատրոնների շենքեր և ձախողել կինոդիտումները»։

Կրեմլի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի մերձավոր վրացի գործարար Լևան Վասաձեն, որը Վրաստանում համարվում է ռուսական շահերն արտահայտող, վաղուց է հայտնի որպես ամենամոլի հոմոֆոբ։ Վերջերս նա հայտարարել է մահակներով զինված ջոկատների ստեղծման մասին, որոնք պետք է պատժեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։

Ֆիլմին դեմ է նաև եկեղեցին, որի ներկայացուցիչները վերջերս ներգրավված էին ազդեցիկ հոգևորական Պետրեի և այլ հոգևորականների կողմից «մանկապղծության և արվամոլության» մեղադրանքներով սկանդալի մեջ։

Վրաստանի ՆԳՆ-ից «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ, ըստ օրենսդրության, իրավապահ մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեն հասարակական կարգն ու ֆիլմի ցուցադրությանը եկած քաղաքացիների անվտանգությունը։

Ռեժիսոր Լևան Ակինը վրացական լրատվամիջոցների հետ զրույցում ասում է, որ ֆիլմի ստեղծման համար իրեն ոգեշնչել է ծանր իրավիճակը, որը Վրաստանում ստեղծվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շուրջ։

Ակինը հիշում է 2013թ-ի մայիսի 17-ը։

Այդ օրը, որն օրացույցում գրանցված է որպես հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օր, Թբիլիսիում եկեղեցու ներկայացուցիչներն ու արմատականները խաթարեցին ակցիան, որը քաղաքացիներին համերաշխության և սեռական այլ կողմնորոշման մարդկանց նկատմամբ հանդուրժողականության կոչ էր հանդիսանում։

Այն ժամանակ ոստիկանությունը դժվարությամբ օգնեց հոմոֆոբիայի դեմ պայքարող հարյուրավոր անձանց, որոնք ակցիայի էին դուրս եկել։ Նրանց պաշտպանում էին կրոնական մոլագարներից և ազգայնական խմբերից, որոնք պատրաստ էին հաշվեհարդար տեսնել։ Ավտոբուսների վրա, որոնցով ոստիկանությունը տեղափոխում էր ԼԳԲՏ-ակտիվիստներին, քարեր էին նետում։

Ինչպես ասում է Ակինն, ինքն ապշած էր ամբոխի ագրեսիվությունից և հենց այդ ժամանակ է որոշել իր ֆիլմը նկարահանել։

Վրացի արմատականներն առանձնապես ակտիվացել են վերջին մի քանի տարում։ Ընդդիմությունը, հասարակական կազմակերպություններն ու հասարակության մի մասը Վրաստանի ղեկավարությանը մեղադրում են արմատականներին սատարելու համար։ Երկրի իշխանությանը մեղադրում, որ այն օգտագործում է տվյալ արմատական ուժերն իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Մասնավորապես, արմատականները հակաակցիաներ են անցկացնում, որոնք կազմակերպվում են որպես հակակշիռ հակակառավարական ցույցերին։

Ավելի մանրամասն՝ այստեղ