«Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող խմբակցությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջարկել է Վրաստանի ներքին գործերի գործող նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, խոշոր ձեռնարկատեր Բիձինա Իվանիշվիլին։
Գախարիան կառավարության ղեկավարի պաշտոնում պետք է փոխարինի արդեն նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեին, ով երեկ՝ օգոստոսի 2-ին, հրաժարական ներկայացրեց։
Հրաժարականի իր տեքստում Բախտաձեն թվարկեց բոլոր այն ոլորտները, որոնցում, իր պատկերացմամբ, Վրաստանը վերջին շրջանում մեծ հաջողություններ է արձանագրել։ Բարենպաստ պայմանների և հաջողակ բարեփոխումների թվարկումը հրաժարականի տեքստում զբաղեցնում էր շուրջ 4000 բառ, մինչդեռ հրաժարականի պատճառներից Բախտաձեն խոսում էր ավելի քան հակիրճ․ նա նշում էր, որ իրեն հաջողվել է մշակել Վրաստանի ռազմավարական զարգացման համակարգը և որ իր առաքելությունը նա համարում է կատարված։ Բախտաձեի փաստարկները՝ ռազմավարական առաքելության և զարգացման հեռանկարների մասին, նրա ընդդիխոսները հիմնականում մեկնաբանում էին որպես քաղաքական ձախողման քողարկում։
Գեորգի Գախարիայի թեկնածությունը՝ ամենահակասականը լինելով հանդերձ, ամենականխատեսելին էր։ Գախարիան, ով ի տարբերություն հրաժարական ներկայացրած Բախտաձեի, հունիսին մեկնարկած բողոքի ցույցերից առաջ բավականին բարձր վարկանիշ ուներ, այժմ համարվում է «Վրացական երազանքի» ամենաքննարկվող, բայց ամենավարկաբեկված քաղաքական գործիչներից մեկը։
«Սա ծաղր է, ապտակ և մարտահրավեր վրացական հասարակության համար։ ․․․Կառավարությունը, որը մենք ստացանք, դա, փաստացի, «Գավրիլովի կառավարությունն է»՝ Ռուսաստանի շահերի ամբողջական բավարարում,» – հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։
«Գեորգի Գախարիայի առաջադրումը վարչապետի պաշտոնում չի կարող գնահատվել այլ կերպ, քան որպես Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» բաց պատերազմը վրացական հասարակական կարծիքի դեմ։ ․․․Գախարիայի նշանակումը նաև ուղերձ է այն մասին, թե ինչ է «Վրացական երազանքը» նախատեսում անել առաջիկը մեկ տարվա ընթացքում․ այն անցնում է իշխանությունը պահելու ռեժիմին,» ― ասում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Դավիդ Բակրաձեն։
Գախարիայի հրաժարականը ՆԳ նախարարի պաշտոնից հունիսին մեկնարկած բազմահազարանոց բողոքի ցույցերի հիմնական պահանջներից մեկն էր և միակը, որ անկատար մնաց։ Ներքին գործերի նախարար, այժմ՝ վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիային ցուցարարները մեղադրում էին ուժի սահմանազանցման մեջ՝ հունիսի 21-22-ի գիշերը բողոքի ցույցը արցունքաբեր գազի, մահակների և ռեզինե փամփուշտների կիրառմամբ ցրելիս։ Ոստիկանության կոշտ գործողությունների հետևանքով ավելի քան 200 հոգի, այդ թվում՝ շուրջ 30 լրագրողներ, միջին և ծանր վնասվածքներով հայտնվեցին հիվանդանոցներում։
Հիշեցնենք, որ Վրաստանում 2020 թվականին սպասվում են հերթական խորհրդարանակն ընտրությունները։ Ընտրությունների նախապատրաստությունները ընթանում են երկրում մեծ անկայունության ֆոնին՝ արժեզրկվել է ազգային տարադրամը, նվազել են զբոսաշրջության ոլորտի եկամուտները, իշխանություններին մեղադրում են ընդդիմադիրներին և ընդդիմադիր լրատվամիջոցներին ճնշելո մեջ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ սկանդալը մինչ այժմն չի մարում, հունիսին հակառուսական կարգախոսներով մեկնարկած բողոքի աննախադեպ ակցիաները, որոնք հետագայում վերածվեցին հակակառավարական ցույցերի, մինչ օրս շարունակվում են՝ իհարկե, ավելի փոքր մասշտաբներով։
Ցույցերի նախաձեռնողներն ու առաջնորդները նախազգուշացնում են․ գործից ազատելու փոխարեն Գախարիային նոր՝ ավելի բարձր պաշտոն շնորհելը բողոքի նոր ալիք է բարձրացնելու՝ ավելի մասշտաբային և ավելի վճռական։