Վրաստանի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, ավարտվել է բողոքի ցույցով ու ոստիկանության կողմից՝ ցուցարարների հանդեպ ուժ կիրառելով։ Նիստն ընդհատվել է այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել նիստին ներկաների շրջանում, ինչպես նաև խորհրդարանի շենքում։
Միջադեպին կոշտ է արձագանքել նաև պաշտոնական Թբիլիսին․ վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, թե «ծանր էր տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին վրացական օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնին»: Աղմկահարույց միջադեպից հետո ռուս պատգամավորը հայտարարել է, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև մարդասիրական և տնտեսական հարցերով բանակցությունները տապալման եզրին են:
Ցուցարարները պահանջում էին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականները, ինչպես նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Հակառուսական ցույցերի մասնակիցները փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք, ոստիկանական ուժերն ու հատուկջոկատայիններն ուժ կիրառեցին՝ մահակներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: Կան տասնյակ տուժածներ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ցույցերի հետևանքով ոստիկանական և քաղաքացիական ուժերի միջև բախումների ժամանակ տուժած լրագրողներից մեկը կորցրել է աչքը։ Տուժել են նաև վրացական Առաջին ալիքի 4 աշխատակից, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության և վրացական Interpressnews լրատվական գործակալության մեկական աշխատակից։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցցանցում մեկնաբանել է տեղի ունեցածը։ Հայաստանյան պատվիրակությունը ևս մասնակցում էր միջոցառմանը․ «Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Ուղղափառության համաժողովին, դա մի կազմակերպություն է, որն իր մեջ ներառում է ուղղափառ երկրների ներկայացուցիչներ։ Այն միջազգային կառույց է, որը շատ հաճախ շատ կարևոր որոշումներ է ընդունում։ Օրինակ, վերջին կարևոր որոշումներից մեկն այն է, որ դատապարտվել է ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածը, և Ադրբեջանը մեղադրվել է այդ գործողությունների մեջ։ Այսօր պետք է տեղի ունենային լսումներ, տարբեր ելույթներ, մի պահ հետո ներխուժեցին վրաց պատգամավորներ, այդ պատգամավորները ներկայացնում էին Սաակաշվիլիի կուսակցությունը եվրոպական դրոշներով, և մեղադրեցին իրենց իշխանություններին, որ իրենք ռուս օկուպանտներին, ինչպես իրենք արտահայտվում էին, ներս են թողել պառլամենտ և հերիք չէ՝ ներս են թողել, նստացրել են ամենաբարձր ամբիոնին»։