Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ոստիկանության կողմից անցկացված «ռեյդը» «Բասիանի» և «Կաֆե Գալերի» ակումբներում ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակներ էր հետապնդում։ Epress.am֊ի հետ զրույցում վերջին օրերին Թբիլիսիում գտնվող իրավապաշտպան Էլվիրա Մելիքսեթյանը հենց նման գնահատականներ է լսել «ռեյդերից» հետո սկսված բողոքի ակցիաների մասնակիցներից։
Ոստիկանությունը «ռեյդերը» սկսել է մայիսի 12-ի առավոտյան՝ ներխուժելով ակումբներ, ծեծի ենթարկելով և բերման ենթարկելով մարդկանց։ Ուժայիններն իրենց «ռեյդային ստուգումը» բացատրել են անցած երկու շաբաթվա ընթացքում թմրամիջոցների օգտագործման հետ կապված 5 մահացության դեպքերով։ «Ռեյդերից» հետո սկսված բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, պնդում են, որ ակումբներում թմրամիջոցներ չեն վաճառվում, և ոստիկանությունը, թմրամիջոցների վաճառքի դեպքերը բացահայտելու ցանկության դեպքում դրանցով զբաղվողներին կձերբակալեր տանը կամ փողոցում, և ակումբներ ներխուժելու կարիք չկար։
Մելիքսեթյանը մայիսի 13-ին զրուցել է միջին տարիքի մի կնոջ հետ, որը դի֊ջեյ է աշխատում․ վերջինս ներկայացրել է ոստիկանության դեմ բողոքող մարդկանց տեսակետը։ Նրա խոսքով՝ հարձակումները զուտ քաղաքական ենթատեքստ ունեին․ վերջին շրջանում ակտիվացել են լուրերը, որ միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է ոչ միայն ստվերում գտնվելով վերահսկել վրաստանյան քաղաքական դաշտը, այլ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, և երկիրը կարող է կրկին տանել Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ։ Ակումբներում հավաքվող առաջադեմ երիտասարդներն այն զանգվածն է, որը կարող է բողոքի ալիք բարձրացնել, այդ իսկ պատճառով նրանց վրա փորձում են նախօրոք ճնշում գործադրել։
Կնոջ խոսքով՝ «ռեյդերից» հետո մեկնարկած բողոքի ակցիաները զուտ քաղաքական բնույթ են կրում, այս ժամանակահատվածում իրենց առջև դեռևս չեն դնում իշխանափոխության նպատակ, քանի որ բավարար ռեսուրսներ ներկա պահին չկան։ Նպատակը՝ Ներքին գործերի նախարարի հրաժարականն է և համակարգում բարեփոխումների անցկացումը, որից հետո քաղաքական պահանջների շրջանակը կարող է լայնանալ։
«Սա մշակութային կամ ժամանցի հարց չէ, այլ քաղաքական։ Սա գրոհ էր ուղղված մարդկանց մի մեծ զանգվածի դեմ, որոնց մեջ մտնում են գիտնականներ, երաժիշտներ, արվեստագետներ, առաջդեմ երիտասարդության ներկայացուցիչներ, որոնք պատրաստ են պայքարել իրենց արժեքների համար», ֊ ակցիայի մասնակցի խոսքերը փոխանցել է Մելիքսեթյանը։
Նշենք, որ մայիսի 13-ի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում շուրջօրյա ակցիաներ անցկացնող մարդկանց (ակցիաների կազմակերպիչն է «Սպիտակ աղմուկ» շարժումը) դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան։ Նա անձամբ ներողություն է խնդրել ոստիկանության գործողությունների հետևանքով տուժածներից և խոստացել, որ ոստիկանների դեմ բոլոր բողոքները մանրակրկիթ ձևով կքննվեն։ Գախարիան նաև խոստացել է բողոքողների հետ քննարկել թմրամիջոցների շրջանառության քաղաքականության հետ կապված հարցեր։
«Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլին հայտարարել է, որ ակցիաները կասեցվում են մինչև շաբաթ օր․ այդ ընթացքում բողոքները կսպասեն նախարարության աշխատակիցների գործողություններին և կգնահատեն, թե որքանով է արդյունավետ դրանց ընթացքը։