Գլխավոր / Մարզեր / Վրաստանի ոստիկանությունը պաշտպանեց կինո դիտելու իրավունքը․ կան տուժածներ

Վրաստանի ոստիկանությունը պաշտպանեց կինո դիտելու իրավունքը․ կան տուժածներ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Թբիլիսիի կինոթատրոններում կայացավ «Իսկ հետո մենք պարեցինք» (And Then We Danced)՝ ԼԳԲՏ հարաբերությունների թեմայով առաջին վրացական ֆիլմի ցուցադրությունը։

Ուլտրաաջ ազգայնականներն, ինչպես նաև եկեղեցու ներկայացուցիչներն արդեն հայտարարել էին, որ պրեմիերա չի լինելու․ նրանք պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել և արգելափակել կինոթատրոնների մուտքերը։

Գեղարվեստական ֆիլմի պրեմիերայից արդեն չորս ժամ առաջ կինոթատրոնների տարածքում աննախադեպ թվով ոստիկանական ստորաբաժանումներ էին հավաքվել, շենքերը ստուգվում էին կինոլոգների կողմից։

Ուլտրաաջ «Վրացական երթ» շարժման անդամները ֆիլմին դեմ ակցիայի ժամանակ Թբիլիսիի կենտրոնում ԼԳԲՏ դրոշ վառեցին։ Նրանք ֆիլմի ստեղծագործական թիմին մեղադրում էին նույնասեռականության քարոզի մեջ և խոստանում էին «խաղաղ ճանապարհով» խանգարել պրեմիերայի բարեհաջող ընթացքին։

Առաջին սեանսից հետո ակցիայի մասնակիցները փորձում էին 2-րդ սեանսին եկած հանդիսատեսի մուտքը խոչընդոտել։ Բախումների արդյունքում որոշ կինոդիտողներ այդպես էլ չկարողացան կինոթատրոն մտնել։ Ցուցարարների շարքում նաև հոգևորականներ կային․ մի մասը բարձրաձայն աղոթում էին, «որպեսզի աստված պաշտպանի Վրաստանը սոդոմական մեղքից», մյուսները՝ ագրեսիվ էին տրամադրված և վիրավորական արտահայտություններով էին խոսում կինոդիտման եկած հանդիսատեսների հետ։ Հոգևորականներից մեկին հաջողվել էր ճեղքել ոստիկանական պատնեշն ու կինոդահլիճ մտնել, բայց նրան այնտեղից շտապ հեռացրել են։

Թբիլիսիի և Բաթումիի կինոթատրոնների մոտ իրականացված ակցիաների արդյունքում բերման է ենթարկվել 28 ցուցարար (քրեական հանցագործության համար կալանավորվել է 1 անձ, ադմինիստրատիվ խախտումների համար՝ 27), ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Նոյեմբերի 8-ին Թբիլիսիի և Բաթումիի վեց կինոթատրոններում բոլոր ծրագրված կինոցուցադրություններն իրականացվել են հայտարարված ժամերին։ Ֆիլմի ցուցադրություններին զուգահեռ ընթացող ակցիաների ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետաքննությունը(…)

Իրավապահները շարունակում են օպերատիվ֊քնչական միջոցառումները։ Օրինախախտների ինքնությունը պարզելու նպատակով կատարվում է ֆոտո և վիդեոնյութերի ուսումնասիրություն։ Ինչպես նոյեմբերի 8-ին, այնպես էլ հետագա օրերին Ներքին գործերի նախարարությունը կապահովի հասարակական անվտանգությունն ու կարգապահությունը», – նշված է Վրաստանի ՆԳՆ֊ի հայտարարության մեջ։

Բողոքի ակցիաների ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել քաղաքացի Աննա Միկելաձեն։ Մեղադրյալը ձերբակալված է։ Բռնություն է գործադրվել նաև քաղաքացի Դավիդ Բերձենիշվիլիի նկատմամբ։ Ցուցարարների գործողություների արդյունքում հոսպիտալացվել է երկու ոստիկան, վնասվել է Ներքին գործերի նախարարությանը պատկանող մեկ մեքենա։

Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնի դիմաց հավաքված ցուցարարները պահանջում են ազատ արձակել նոյմբերի 8-ին բերման ենթարկված հակա-ԼԳԲՏ ակտիվիստներին, որոնց թվում նաև հոգևորական կար։  «Վրացական երթ» շարժման անդամները սպառնացել են պատասխան գործողություններ ձեռնարկել՝ կալանավորվածներին, որոնց մեծ մասը շարժման անդամներ են, ազատ չարձակելու դեպքում։

Tekali Taxi