Home / Հայաստան / Վրաստանի խորհրդարանի մուտքերն արգելափակված են․ բողոքի ակցիաները շարունակվում են

Վրաստանի խորհրդարանի մուտքերն արգելափակված են․ բողոքի ակցիաները շարունակվում են

«Իշխող «Վրացական երազանք»֊ը չի պատրաստվում ընտրական համակարգի հետ կապված որևէ նախաձեռնություն քննարկել», – կուսակցության գլխավոր գրասենյակում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք՝ Ժողովրդավար Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

Նա ընդդիմադիր կուսակցություններին հորդորել է պատշաճ կերպով պատրաստվել գալիք ընտրություններին և բնակչության աջակցության բացակայությունը չվերագրել ընտրական համակարգի թերություններին։

Ցուցարարները շարունակում են շրջափակման մեջ պահել Վրաստանի խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը՝ արգելափակելով իշխող կուսակցության պատգամավորների մուտքը։

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դավաճան», «Ստրուկ», պատգամավորներին հորդորում լքել խորհրդարանական մեծամասնությունը, որը տապալել է 2020 թվականի ընտրությունների համամասնական ընտրակարգով անց կացնելու իր խոստումը։

«Վրացական երազանք»֊ի պատգամավորներն այդպես էլ չկարողացան շենք մտնել։ Ոստիկանությունը նրանց դեպի ծառայողական մեքենաներ ուղեկցեց։

Այսօր խորհրդարանում պետք է տեղի ունենային շրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեների նիստը։ Ընդդիմության առաջնորդները սակայն պնդում են, որ ամեն ինչ կանեն, որ ոչ մի պատգամավոր չկարողանա ներկա գտնվել նիստին։

Միացյալ ընդդիմության ներկայացուցիչ, «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն պատգամավորներին կոչ է արել չգալ խորհրդարան։ «Ազգային ժողովի անդամներն այնքան են ջղայնացրել հանրությանը, որ ավելի լավ է խուսափեն այսօր Օրենսդիր մարմին ներկայանալուց», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վաշաձեն։

Վերջին տարիներին առաջին անգամ Վրաստանի ընդդիմադիր ուժերը միավորվել և երեկ՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել են զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին։ Ընդդիմության ներկայացուցիչներն ու ակտիվիստները խիստ հիասթափված են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, որին չհաջողվեց անց կացնել իրենց իսկ առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն ընտրությունները Վրաստանում համամասնական սկզբունքով կանց կացվեն արդեն 2020 թվականից՝ նախկին 2024-ի փոխարեն։ Հունիսի ցույցերի ժամանակ իշխանության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլինի խոստացել էր ամեն գնով ընդունել այս օրինագիծը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հոդորում է Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարաներին պահպանել «Հավաքների ազատության մասին» օրենքով սահմանված կանոններն ու դադարեցնել պետական մարմինների աշխատանքային շինությունների մուտքերի արգելափակումները։

Tekali Taxi