Home / Հայաստան / Ուժային վարչապետը՝ խորհրդարանում, ոչխարները՝ դրսում

Ուժային վարչապետը՝ խորհրդարանում, ոչխարները՝ դրսում

Վրաստանի վարչապետ ընտրվեց 44-ամյա Գեորգի Գախարիան՝ «Վրացական երազանք» միավորումից, ով նախկինում զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Սեպտեմբերի 8-ին նրա օգտին քվեարկեցին խորհրդարանի պատգամավորներից 98-ը։ Դեմ չէր քվեարկել ոչ ոք։ Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը։

Վարչապետի պաշտոնում իր առաջին հայտարարության ժամանակ Գախարիան նշեց, որ Վրաստանը շարունակելու է Եվրամիություն և ՆԱՏՈ մուտք գործելու և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը, իսկ երկրի կարևորագույն խնդիրների ցանկում նշեց Աբխազիայի և Հարավային Օսետիայի բռնազավթումը։

Լսումներին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներ էին։ «Ամոթ է» շարժման ակտիվիստներն անգամ մի քանի ոչխար էին բերել, որպես պատգամավորների՝ Բիձինա Իվանիշվիլիին լսելու այլաբանություն։ Բողոքի ակցիային մասնակցում էր մի քանի տասնյակ ցուցարար։ Դա նյարդայնացնում էր ոչ միայն «Վրացական երազանք»-ի, այլ նաև «Պատրիոտների ալյանս»-ի պատգամավորներին, հասկապես՝ Էմզար Կվիցիանիին։ «Պատրիոտների ալյանս»-ը քվեարկությանը չէր մասնակցում, բայց թեկնածուների հետ հանդիպումների և քննարկումների ժամանակ սատարում էր Գախարիայի թեկնածությունը։ Էմզար Կվիցիանին իր այլ համակուսակցականների հետ կոչ էր անում Գեորգի Գախարիային ավելի հաճախ Մոսկվա գնալ և Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության մեջ մտնել, քանի որ «պատրիոտների» համոզմամբ, այլ կերպ հնարավոր չէ Աբխազիայի և Հարավային Օսետիայի հակամարտությունների հետ կապված խաղաղ հանգուցալուծման գալ։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնը լքել էր սեպտեմբերի սկզբին, նշելով, որ «երկրին նոր մարդիկ են պետք»։ Հաջորդ օրը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին առաջարկեց Գեորգի Գախարիայի թեկնածությունը։

Ընդդիմությունը միանգամից բացասաբար վերաբերվեց վարչապետի նոր թեկնածուի առաջարկին, քանի որ ընդհամենը մի քանի ամիս առաջ ցուցարարները պահանջում էին Գախարիայի հրաժարականը Ներքին գործերի նախարարի պաշտոնից՝ կապված հունիսի 20-ի բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի հետ։

Tekali Taxi