Գլխավոր / Կրթություն / ԿԲ-ն ու Թումոն թողեցին Դիլիջանի գրադարանը անշենք

ԿԲ-ն ու Թումոն թողեցին Դիլիջանի գրադարանը անշենք

Դիլիջանի Աղայանի անվան կենտրոնական գրադարանը երկրաշարժից հետո հայտնվել է փողոցում և (ժամանակավոր) տեղակայվել Դիլիջանի նախկին Մշակույթի պալատի կիսաքանդ շենքում, որտեղ մնում է մինչ օրս։ 

Համայնքապետարանը գրադարանի` Դիլիջանի վարչական կենտրոնում գտնվող հինգ հարկանի շենքը մոտ 6 տարի առաջ անվարձահատույց տրամադրել է Կենտրոնական բանկին, որը վերանորոգել է այն և մի քանի տարի «օգտագործելուց» հետո ամբողջությամբ փոխանցել Թումոյին:

Թեև Դիլիջանի և Կենտրոնական Բանկի միջև կնքված պայմանագրերը պարտավորեցնում էին վերջինիս հինգ հարկանի շենքի վերանորոգումից հետո հարկերից մեկը տրամադրել (վերադարձնել) համայնքային գրադարանին, պայմանագրային այդ կետը անտեսվել է թե՛ Կենտրոնական բանկի և թե՛ դրա տեղը զբաղեցրած Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից։ Փոխարենը՝ վերանորոգված շենքի երկրորդ հարկում նոր գրադարան է ստեղծվել՝ ժամանակակից և հիմնականում անգլիալեզու։

Համայնքային գրադարանը արդյունքում մնացել է Մշակույթի պալատի անտանիք շենքում։ Մինչ օրս շենքը չունի ջեռուցման համակարգ, գոնե մեկ վերանորոգված սանհանգույց, առաստաղների ու հատակների մի մասը անմխիթար վիճակում է, բայց գրադարանի տնօրենը՝ Աիդա Ափրոյանը չի դժգոհում, ասում է՝ վերջին տարիներին ահագին գործ է արվել, շատ բան կարգի է բերվել, հույս կա, որ մոտակա ժամանակներում ծորացող առաստաղներն ու վնասված մանրահատակը քաղաքապետարանը կվերանորոգի։ 

Տասնյակ տարիներ համայնքային գրքերը՝ ավելի քան 105 000 կտոր գրականություն, պարկերով պահվել են նախկին հանրախանութի պահեստում (որը պատկանում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Կիլիկիայի Հակոբին)։ Հետագայում դրանք մաս-մաս տեղափոխվել են Մշակույթի պալատի շենք, որը մինչև վերջին տարիները գրադարանի համար բոլորովին անպիտան վիճակում է եղել․ վնասված տանիքից անձրևաջրերն ու հալոցի ջրերը թափվում էին գրապահարանների վրա, ձմռանը, աշնանը գրքերը ծածկվում էին պոլիէթիլենային տոպրակներով: Այժմ, գրադարանի աշխատակիցների խոսքերով, խնդիրների մի մասը կարելի է համարել լուծված․ «Անբարենպաստ պայմանների հարց կա, իհարկե, բայց գրքերը ցելոֆաններով էլ չենք փակում»։ Բորբոսնած ու խոնավացած պատերը, ճաք տված հատակը տնօրենը կիսակատակ խնդրում է չնկարահանել․ «Ահագին բան փոխվել է, շուտով սա էլ կվերանորոգեն, պետք չէ սենց վիճակում ցույց տալ»։

Գրականության մեծ մասը դասավորվել է, շատ բան դեռ պարկերի մեջ է, բայց եկող տարի, ասում է տնօրենը, աշխատանքները կավարտվեն։ Գրքերի մի մասը հանձնվել է որպես մակուլատուրա։  Գրադարանը նախկին շենք վերադառնալու հույս ալևս չունի․ «Թումոյի դեմ ոչ ոք դուրս չի գա»։

Բոլորովին վերջերս, ի դեպ, Թումոն գրադարանի արդեն նախկին շենքի տանիքում շինարարություն է սկսել։ Թեև փաստաթղթերով շենքը համարվում է տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան, Սիմոնյան կրթական հիմնադրամին հաջողվել է շենքի ճարտարապետական կառուցվածքը փոխելու և նոր հարկ ավելացնելու թույլտվություն ստանալ։ Շինարարական աշխատանքները շարունակվում են։ Դիլիջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն, «ավելացված» հարկը Թումոն օգտագործելու է որպես գեսթհաուս, ռեզիդենս կամ հյուրանոց։

Tekali Taxi