Home / Առողջապահություն / Հացադուլը Նուբարաշենի հոգեբուժարանում դադարեցվել է․ ՄԻՊ

Հացադուլը Նուբարաշենի հոգեբուժարանում դադարեցվել է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից: Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը:

Ըստ օմբուդսմենի գրասենյակի, ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի և փոխտնօրենի հետ, ինչպես նաև հետադարձ կապ են հաստատել հացադուլ հայտարարած անձանց հետ:

Հոգեբուժարանի տնօրինության պարզաբանման համաձայն՝ հանձնուքների արգելման նպատակը վերջերս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում տարածված աղիքային վարակի կանխարգելումն է: Այն կրում է ժամանակավոր բնույթ և վերաբերում է բացառապես տնային պայմաններում եփված սննդին (բանջարեղեն, միրգ, հաց, քացրավենիք և այլ հում սննդի հանձնումն արգելված չէ):

Հացադուլ հայատարած անձինք Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում տեղեկացրել  են, որ իրենց տրամադրվել են բավարար պարզաբանումներ հանձնուքների ժամանակավոր սահմանափակման հարցի վերաբերյալ, և իրենք դադարեցրել են հացադուլը, նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը ևս անդրադարձել է Նուբարաշենի հոգեբուժարանի մասին մամուլի հրապարակումներին․ «Անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ, որոնց մեջ է դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրը» վերտառությամբ նյութին, հայտնում ենք, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել:

Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը:

Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են»:

Tekali Taxi