Home / Հայաստան / Բացահայտվել են Երևանում կատարված գողությունների մի շարք դեպքեր․ ՔԿ

Բացահայտվել են Երևանում կատարված գողությունների մի շարք դեպքեր․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված առերևույթ գողությունների մի շարք դեպքեր: Մեկ անձ կալանավորվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կոտրելով ավտոմեքենաների ապակիները՝ կատարել է գողություն:

«Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով), 185-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) և 324-րդ հոդվածի 1-ին մասով (Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից նմանատիպ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, հնարավոր հանցակիցներին պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Tekali Taxi