Չեխական Օստրավա քաղաքի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Երկրի իշխանությունների տարածած տեղեկատվության համաձայն, սպանվել է 6 մարդ, հարձակվողն ինքնասպանություն է գործել։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7-ին։ Ոստիկանության տվյալներով, միջին տարիքի անհայտ տղամարդը հիվանդանոցի տարածքում սկսել է կրակել հիվանդների և աշխատակիցների ուղղությամբ, այնուհետև թաքնվել է արծաթագույն Renault Laguna մեքենայում։
Տղամարդը հիվանդանոցի ընդունարանում 6 հոգու է սպանել, իսկ հետո ինքնասպանություն գործել։ Նրա մարմինը հայտնաբերվել է հանցագործության վայրից ոչ հեռու՝ մեքենայի մեջ։
Սկզբում Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը հայտնել է չորս սպանվածի մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել տուժածներից ևս երկուսի մահվան մասին։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը։ Ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունն օդանավակայաններում, կայարաններում, շուկաներում ու խոշոր առևտրական կենտրոններում։
Օստրավայի հիվանդանոցը գտնվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից 300կմ դեպի արևելք։ Վերջին տարիներին Չեխիայում նմանատիպ դեպքերի շարքում այս միջադեպը երկրորդն էր ըստ զոհերի քանակի․ 2015 թվականին Ուհերսկի Բրոդ քաղաքի ռեստորանի հրաձգության ժամանակ սպանվել էր ութ քաղաքացի, հարձակվողն ինքնասպանություն էր գործել։