Գլխավոր / Բնապահպանություն / Առանց աղբ Հայաստանի սպասումներով. անցած ուղին և մոտալուտ հեռանկարները

Առանց աղբ Հայաստանի սպասումներով. անցած ուղին և մոտալուտ հեռանկարները

Հայաստանում նոր աղբավայրեր կառուցելու ծրագրերի շուրջ բնապահպաններն իրենց մտահոգություններն են բարձրաձայնել այդ ծրագրերի մասին հանրությանը հայտնի դառնալուց ի վեր (2015թ-ից): Մասնավորապես մտահոգությունը նրանում է, որ աղբավայրերը ծրագրվել են առանց թափոնների տեսակավորման և վերամշակման բաղադրիչների: Հաշվի առնելով, որ աշխարհը և դրանից անմասն Հայաստանը աղբի լուրջ խնդիրներ ունեն, ինչպես նաև այն, որ մի կողմից քիչ սպառումը, մյուս կողմից սպառված թափոնի վերօգտագործումը կարող է նվազեցնել բնական ռեսուրսներից մարդու կախվածությունը, Հայաստանի համար, հետևաբար, թափոնների վերամշակումը առաջնային խնդիր է:

Սակայն նախատեսվող ծրագրերում անհանգստացնողը ոչ միայն նոր աղբավայրերի կարճ կյանքն է առանց կենսակայունության տեսլականի, այլև այն, որ հենց եվրոպական բանկերն են ֆինանսավորում այդ ծրագրերը. մի տարածաշրջան, որն աշխարհում թերևս համարվում է կանաչ քաղաքականությունների մշակման և իրագործման առաջամարտիկ:

Ուստի 2017թ-ից ի վեր թե՛ քաղաքապետարանի, թե՛ Տարածքային կառավարման նախարարության, և թե՛ եվրոպական բանկերի, մասնավորապես Վերառակուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ մշտապես նամակագրություն եմ վարել՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանում ևս աղբավայրերը կառուցվեն վերամշակման, վերօգտագործման, կոմպոստավորման և հնարավոր բոլոր այն տարբերակներով, որոնք չեն աղտոտի բնությունը՝ փոխարենը բնությանը սովոր շրջանաձև ցիկլով միգուցե կվերադառնան մեր կենցաղ նոր ապրանքների տեսքով:

Բազմաթիվ նամակագրությունների մասին առիթ եմ ունեցել գրել տարբեր կայքերում թե՛ հայերենով, և թե՛ անգլերենով: Երկու անգամ նաև բողոք եմ ներկայացրել Վերակառուցման և զարգացման երվոպական բանկ Հայաստանում բնապահպանական տեսանկյունից նման ոչ կենսակայուն ծրագիր իրականացնելու համար՝ ի թիվս այլ հարցերի նշելով, որ բանկերը մշտապես շեշտադրում են եվրոպական չափանիշներին այս ծրագրի համապատասխանելիությունը, սակայն Եվրոպան արդեն իսկ գնում է աղբավայրերի քանակը կրճատելու ճանապարհով:

Ի վերջո, երկրորդ բողոքին ի պատասխան, սույն թվականի դեկտեմբերի չորսին ՎԶԵԲ-ը հրավիրեց հանդիպման, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը հեռախոսակապով կրկին նշեց ծրագրի՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելիությունը, ինչպես նաև այն, որ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկով էլ հնարավոր կլինի իրագործել կենսակայուն բաղադրիչները:

Սակայն հանդիպմանը ներկա Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է Եվրոպական ներդրումային բանկի լրացուցիչ վարկերից, իսկ կենսակայունության բաղադրիչները իրականացնելու են այլ ծրագրերի միջոցով: Սա նորություն էր թե՛ ինձ, թե՛ ՎԶԵԲ ներկայացուցչի համար: Ավելին, տիկին Մարտիրոսյանը և հանդիպմանը ներկա քաղաքապետի խորհրդական Արթուր Սարգսյանն ինձ և ՎԶԵԲ ներկայացուցչին ծանոթացրին բոլոր այն ծրագրերի հետ, որոնք քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել Հայաստանում: Օրինակ, դիմել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն և եթե ստանան վերջինիս հավանությունը (և իհարկե դրամաշնորհը), պիլոտային ծրագիր պետք է անցկացնեն և քաղաքում տեղադրեն 500-700 աղբամաններ թղթի և պլաստիկի առանձին հավաքագրման համար: Բացի այդ քաղաքապետարանը ձևավորում է քաղաքային ընկերություն, որը պատասխանատու կլինի նաև կոշտ կենցաղային թափոնների առանձնացված հավաքման համար:  Քաղաքապետարանը նախաձեռնում է նաև Եվրամիության աջակցությամբ իրականացնել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում իրավիճակի ուսումնասիրություն: Այս ծրագիրն էլ կտևի մոտ չորս տարի:

Տկն Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ քանի որ ի վերջո թափոնների վերամշակումը կարող է ձեռնտու բիզնես լինել, քաղաքապետարանը նաև ակտիվ բանակցություններ է վարում վերամշակման ոլորտում ներդրողների հետ՝ հանրային-մասնավոր համագործակցությամբ հնարավոր ծրագիր իրականացնելու համար:

Սակայն այստեղ նշեմ, որ ինչպես դեռևս 2019թ-ի սկզբին կայացած հանդիպման ժամանակ, այնպես էլ «Կանաչ Հայաստան» կրթական բնապահպանական ՀԿ-ի նամակին ի պատասխան Տարածքային կառավարման նախարարության Տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը տեղեկացրել էր, որ դեռևս վաղ է խոսել թափոնների վերամշակման ներդրումային առաջարկների մասին, քանի դեռ չկան թափոնների տեսակի մասին ուսումնասիրության արդյունքները: Դրանք, ի դեպ, ըստ նախարարության, պետք է պատրաստ լինեին դեռևս հունիսին: Այնուամենայնիվ, նոր աղբավայրի շինարարությունն արդեն իսկ նախատեսված է իրականացնել 2020թ-ին:

Եվ այսպես, ինչ ունենք այս խնդրով: Ունենք այն, որ ի վերջո կառուցվելու է աղբավայր, որը նախատեսված է մոտ 30 տարվա համար և զբաղեցնելու է մոտ 30 հա տարածք: Պետությունը մեծապես հույս ունի, որ կգտնվեն բնապահպանական տեսանկյունից ընդունելի ներդրումային առաջարկներ, որոնք կօգնեն ոչ միայն աղբի կրճատման, թափոնների վերամշակման գործում, այլև այսպիսով կերկարաձգեն աղբավայրի կյանքը: Սակայն պետությանը պարբերաբար պետք է հիշեցնել նաև այն, որ անգամ եթե թափոնների վերամշակման ոլորտն այդպես էլ կենսակայուն ներդրումային ծրագրերի առաջարկներ չստանա, պետությունը միևնույնն է հանրային առողջության, բնական միջավայրի մաքրության պահպանման պարտավորություն ունի և հնարավոր չի լինի խուսափել այդ պարտավորությունից:

Բացի այդ կարող է հուսադրող թվալ, որ քաղաքային կառավարման մարմինները, կառավարությունը ցանկանում են կանաչ լուծումներ տալ թափոնների կառավարման խնդրին դրամաշնորհների, հանրային-մասնավոր համագործակցության միջոցով և առանց պետության՝ վարկային պարտավորությունների բեռը ծանրացնելու: Սակայն, հաշվի առնելով վերջերս նորանոր վարկային պարտավորությունների ստանձնումն այլ ապսարեզներում և, այնուամենայնիվ, պետության՝ վարկային բեռի ծանրացումը, մտավախությունն այն է, որ թափոնների հարցը, ինչպես և շատ այլ բնապահպանական հարցեր, պետության համար ուղղակի այնքան էլ առաջնային չեն:

Բայց պակաս ուշագրավ չէ նաև այն, որ Եվորպական բանկերն էլ առանձնապես հետաքրքրված չեն իրենց ծրագրերի կենսակայունությամբ՝ չնայած արած հայտարարություններին: Եթե չլիներ դեկտեմբերի չորսի հանդիպումը, հավանաբար ՎԶԵԲ ներկայացուցիչը չէր էլ իմանա, թե ինչպիսի ծրագրեր ունի քաղաքապետարանը՝ բանկերի կողմից ֆինանսավորվող և քննադատության արժանացած այս ծրագրերի իրականացման «կանաչացման» մասով: Սա, իր հերթին, թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել, թե որքանով են բանկերը մտահոգված իրենց ծրագրերի բնապահպանական հետևանքներով:

Սոֆյա Մանուկյան
հետազոտող
12.12.2019

Tekali Taxi