Home / Ոստիկանություն / Քննչական կառույցներում ոչ պակաս կրիմինալ վիճակ է․ սկանդալային տեսանյութի մասին

Քննչական կառույցներում ոչ պակաս կրիմինալ վիճակ է․ սկանդալային տեսանյութի մասին

Նոյեմբերի 21-ին համացանցում տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկված անձի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանին չի հետաքրքրում, թե ում նախագահության օրոք է դեպքը տեղի ունեցել՝ Ռոբերտ Քոչարյանի, թե՞ Սերժ Սարգսյանի։ «Տեսանյութում պարզ երևում է, որ մարդ են ուտում: Ինձ չի հետաքրքրում՝ ում ժամանակ է եղել: Սուրբ Հայաստանում մարդ ուտողներն ազատ պտտվում են իրենց համար։ Սակայն ի՞նչ տարբերություն։ Հասկանո՞մ եք՝ ինչումն է հարցը։ Մինչև հիմա չե՛ն մեղադրվել, չե՛ն դատվել, չե՛ն կալանավորվել։ Սուտ հոդվածով դատվել է էդ մարդը։ Երեք օր էդպես ծեծել են։ Երեք օր։ Դա չի եղել մեկ օր։ Դատախազը չի՛ մեղադրվել, ով իրեն դատել է, դատավորը չի՛ մեղադրվել, ոստիկանները չե՛ն մեղադրվել։ Նրանք հանգիստ պտտվում են մեր մեջ», ֊ ասել է ներկայացուցիչը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Համացանցում խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են քրեական հետախուզության ծառայողները բռնի ուժով ցուցմունք կորզում տեսանյութում երևացող անձնավորությունից։ Բռնություն գործադրողները հակագազ էին հագցրել անձին։ 4 օր հետո տեսանյութի կապակցությամբ քրեական գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այս առնչությամբ ասել էր, որ այդ ժամանակ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածն ընդունված չէր, այդ պատճառով է՝ հիշատակված հոդվածով քրգործ հարուցվել։

Տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ 2008 թվականին իսկապես խոշտանգման մասին հոդված գոյություն չուներ, սակայն մեղադրանքը կա, ինչպես նաև խոշտանգման զոհը տուժող էր ճանաչվել։

«Ընդհանուր առմամբ, քրեական գործը տեղից չի շարժվում։ Միայն ՀՔԾ֊ն տուժող ճանաչելու որոշում է կայացրել, և երկու անգամ հարցաքննվել է, սակայն, ըստ էության, այդ անձանց՝ առնվազն չորսը հոգու ինքնությունը, բացահայտված է, վարույթն իրականացնող մարմնի մոտ եղած տեսանյութում դեմքերն ավելի պարզ են երևում, սակայն մինչ այժմ որևէ մեկի նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ»։ Տուժող կողմը մտահոգված է, որովհետև վարույթն իրականացնող մարմինը բավական երկար ժամանակ ուներ՝ առնվազն նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար տվյալներ ձեռք բերելու և մեղադրանք առաջադրելու համար։

Փաստաբանը ցանկացավ «ապագա մեղադրյալներին տխրեցնել» և նկատեց, թե այս գործով չի՛ կարող վաղեմության ժամկետ կիրառվել․ «Նշանակություն չունի, թե ո՞ր փուլում է գործը բացահայտված․ տվյալ անձինք պետք է անհապաղ քրեական պատասխանատվության ենթարկվեն»։

Ըստ ՀՔԾ֊ի՝ տուժողի ինքնությունը և դեպքի ամսաթիվը հայտնի են, անձը հարցաքննվել է, սակայն տվյալ տեղեկատվությունը դեռ չի հանրայնացվում։

Ղարագյոզյանը համոզված է՝ մեղադրանք առաջադրելու բոլոր հիմքերը կան, սակայն Հատուկ քննչական ծառայությունը հապաղում է․ «Տուժող կողմը գտնում է, որ բոլոր հիմքերը կան, տուժողի ցուցմունք կա, կա տեսանյութ, որի դեմքերը հայնտի են։ Եվ, ի վերջո, Վարդան Ղուկասյանը մամուլին հայտնել է, թե ովքեր են այդ պաշտոնյաները, սակայն այսօր Հատուկ քննչական ծառայությունը նշում է, որ ակտիվ գործողություններ են կատարվում, բայց դրանց մեջ տուժող կողմը որևէ կերպ ներգրավված չէ»։ Նշենք, որ ոստիկանության նախկին աշխատակից, Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը պնդում է, թե տեսանյութն ինքն է տրամադրել, ու այն տեսագրվել է նախկին իշխանությունների ժամանակ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրոք։ Վերջինս, ըստ Ղուկասյանի, տեղյակ էր միջադեպից։

Տեսաձայնագրությունը, ասել է Ղարագյոզյանը, արվել է հետագայում գողությունից տուժած ընտանիքին ցուցադրելու և ասելու համար, թե տեսեք՝ ինչ օրն ենք գցում ձեր տնից գողություն կատարածին։ Տվյալ դրվագին արձագանքելով, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը նկատել է, թե, այսինքն, տեսանյութը ենթադրաբար ցուցադրվել էր այն անձանց, որոնց տնից գողություն էր կատարվել, իսկ իրենք այդ մասին չէին հայտնել․

«Հիմա տեսեք՝ ինչ մեծ սպեկտր ունենք՝ տարբեր մարդկանց տարբեր հոդվածներով մեղադրանքներ առաջադրելու համար։ Ու այսօր ՀՔԾ֊ն համարում է, որ արդյունավետ բացահայտումներ է անում ու գործն առաջ է գնում։ Սրա արդյունավետը ո՞րն է»։

Այնուամենայնիվ, իրավապաշտպանը չի զարմանում՝ կարծելով, թե, գուցե, կառույցի համար սա նորմալ վիճակ է․ «Գործը ձևական սկսում են, մի երկու հոգու հարցաքննում, հետո սկսում քնեցնել, մինչև տուժող կողմը հոգնի, ձանձրանա, այլևս ի վիճակի չլինի պայքարել, որովհետև դա տարիներ է տևելու»։

Միջադեպը Կարապետյանցը բացառիկ է համարում, որովհետև հայտնի է, թե ով ինչ է արել, իսկ կառույցի՝ ակտիվ գործողությունների վերաբերյալ հայտարարությունը, երբ երկու ամիս անց դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ըստ նրա, ցինիզմի գագաթնակետն է։

«Խոսքը տեսանյութում երևացող չորսը հոգու մասին չէ․ եղել է նաև հինգերրորդը, ով նկարահանել էր դա։ Նա իմացել է այդ հանցագործության մասին ու չի հայտնել։ Մենք ասյտեղ պիտի ունենանք հինգը մեղադրյալ, իսկ այսօր մենք ունենք զրո մեղադրյալ», ֊ փաստել է իրավապաշտպանը։

Նկատելով, որ Հայաստանում ձևավորվեց լեգիտիմ խորհրդարան և կառավարություն, Կարապետյանցը նշեց, սակայն, որ արդարադատություն իրականացնող մարմինները զրո լեգիտիմություն ունեն։ Նա քննադատեց մի շարք մարմիններում բարեփոխումների բացակայությունը և ասաց, որ նախկինում անգործության մատնված կառույցներին է կրկին հանձնարարվել գործի բացահայտումը։

«Էսպես չեն կարող բացահայտվել էս գործերը։ Կառույցներում այդ գործողությունները կատարող մարդիկ իրենք իրենց դեմ քրեական գործեր պետք է բացահայտեն։ Չի՛ լինելու այդպիսի բան, որովհետև չի՛ եղել ոչ մի փոփոխություն, բացառությամբ մեկ֊երկու բարձր պաշտոնյաների, որոնք նախկինում նույնպես աշխատել են այդ նույն կառույցներում։

Այստեղ այդպես է ընդունված՝ ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ ցուցմունք չեն տալիս։

Մենք պայքարում ենք կրիմինալ աշխարհի դեմ, իրենց բարքերի դեմ, բայց ոչ պակաս կրիմինալ վիճակ է, փաստորեն, էստեղ», ֊ հայտարարել է իրավապաշտպանը։

Tekali Taxi