Home / Առողջապահություն / ՀՀ ԱՆ․ Ինչպես ընտրել քաղցրավենիքը

ՀՀ ԱՆ․ Ինչպես ընտրել քաղցրավենիքը

Տոնական օրերին փոքրիկներն ավելի հակված են քաղցրավենիք ուտելուն: Նրանց անվտանգ և որակյալ քաղցրեղեն հրամցնելու և առհասարակ ամանորյա քաղցր նվեր ընտրելիս Հայաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

  • քաղցր նվերները գնել առևտրի կետերից,
  • ուշադիր լինել պարունակությանը, փաթեթավորման ամսաթվին, պիտանիության ժամկետին և պահպանման պայմաններին, փաթեթավորող կազմակերպության անվանը, իրավաբանական հասցեին, սննդային արժեքին, այն նորմատիվ ակտի անվանը` համաձայն որի այն պատրաստվել է,
  • գնել այն արտադրանքը, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր,
  • հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք, որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ից ավելի է:

Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս ցանկալի է նախապատվություն տալ`

  • թխվածքաբլիթներին, որոնք պարունակում են ցածր կալորիականություն,
  • շոկոլադե կոնֆետներին, քանի որ շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, և  հակաօքսիդանտներ,
  • զեֆիրներին. դրանք չեն պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:

Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով: