Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Մարտի մեկին առնչվող երկու գործերով՝ Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008 թվականին կայացված մեղադրական դատավճիռների դեմ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Ըստ դատախազության, 2008 թվականին Արմեն Ավագյանը մեղավոր է ճանաչվել Ազատության հրապարակում մի խումբ անձանց հետ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Դավիթ Աղայանը՝ 2008 թվականի մարտի 1-ին Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (ըստ մեղադրանքի՝ նրանցից մեկից խլած վահանով նա հարվածել է ոստիկաններին և հայհոյանքներ, սպառնալիքներ տվել)։
Ավագյանը դատապարտվել էր 1․5 տարի, իսկ Աղայանը՝ 5 տարի ժամկետներով ազատազրկման։ Դատարանի առաջին ատյանի վճիռը երկուսն էլ բողոքարկել էին վերաքննիչ դատարան․ Ավագյանի բողոքը դատարանը բավարարել է և որոշում է կայացրել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում է կայացրել, իսկ Աղայանը բողոքը մերժվել է և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ։
Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած իրադարձությունների մասնակիցների վերաբերյալ դատավճիռներն ու քրեական գործերի նյութերը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները։
Դատախազությունը հայտնում է՝ Ավագյանի մեղադրանքը եղել է անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, պարզ չէ՝ ով կամ ովքեր են իշխանության ներկայացուցիչ հանդիսացել, տուժող ճանաչված անձինք չեն եղել: Դատարանն առանց որևէ պատճառաբանության մերժել է դեպքին ականատես անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մեղադրական դատավճռի հիմքում դնելով բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները:
Աղայանի վերաբերյալ գործով առկա փաստական հանգամանքները գնահատելով ներպետական նախադեպային իրավունքի, «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, պարզվել է, որ
դատարանները Աղայանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվել են դեպքից տևական ժամանակ անց ոստիկանության աշխատակիցների իրարամերժ ցուցմունքների վրա, չեն ապահովվել արդար դատաքննության իրավունքի երաշխիքները, ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին։
Դատախազությունը գրում է․ «Ըստ Եվրոպական դատարանի՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշումների՝ իրադարձությունների՝ ոստիկանության ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին։
Ելնելով վերոգրյալից՝ դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու պահանջով։