Գլխավոր / Հայաստան / Տարբերել հայերին․ ՀՀ-ն պատրաստվում է միգրանտների հոսքին

Տարբերել հայերին․ ՀՀ-ն պատրաստվում է միգրանտների հոսքին

ԱԻՆ֊ը քննարկման է ներկայացրել խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների նախագիծ։ Նախագիծը միտված է կանոնակարգել Հայաստանի տարբեր գերատեսչությունների գործառույթները սահմանային անցակետերում, միգրացիոն հոսքի կառավարմանն ուղղված գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով առկա օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերը, սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը, մարզի ղեկավար կազմի գործառույթները Հայաստանի Հանրապետության տարածք միգրացիոն հոսքի ներթափանցման դեպքում: Նախագիծը և մի շարք այլ հարցեր քննարկվել են Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայրենադարձության կազմակերպում և փախստականների զանգվածային ներհոսք» ասուլիսի ընթացքում։

ԱԻՆ ներկայացուցիչ Գոհար Խանվելյանը պնդում է, որ նախագիծը դեռ մշակման փուլում է և ունի բազմաթիվ բացեր։ Քննարկման ընթացքում նշվեց, որ բացերից մեկն այն է, որ նախագծով հստակեցված չէ, թե ի՞նչ հոսքեր են սպասվում՝ միայն հայերի, թե հնարավոր է նաև այլազգիների։

Հարցին, թե ինքանո՞վ է այդ առումով Հայաստանի աշխատանքը սփյուռքի հայ համայնքների հետ, առհասարակ այլ գործընկերների հետ ստեղծում այդ հողը, որ մենք կարողանանք և՛ հոգեբանորեն, և՛ նաև գործնականում ընդունել այն մարդկանց, ովքեր այլ ելք չունեն, քան Հայաստան ներգաղթելը, պատասխանեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող Սյուզաննա Բարսեղյանը․

«Ինչպես այս նախագծում, այնպես էլ Հայաստանի միգրացիոն քաղաքականության  այլ նախագծերում այդ տարբաժանումը կարծես չի արվում, հետին մտքով նկատի առնելով, որ նրանք հայեր են։ Բայց այդպես չի կարելի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք մեծ սփյուռք ունեցող երկիր ենք և շատ ցրված աշխարհի տարբեր երկրներում ու հավանականությունը, որ պատերազմական  կամ արտակարգ այլ իրավիճակներում նրանք կնախընտրեն վերադառնալ իրենց հայրենիք կամ էթնիկ հայրենիք՝ ավելի մեծ է, քան այլազգիների պարագայում, ուրեմն այս նախագիծը և ուրիշ այլ նախագծեր պետք է անպայման հաշվի առնեն սփյուռք ունենալու հանգամանքը և չթողնեն օրենքի նախագծերը այն մեր հետին մտքին, որ նրանք հայեր են։ Պետք է հստակ ձևակերպել՝ ում մասին է խոսքը։ Երբ մենք գրում ենք միգրանտ, արդյոք տարանջատում չունե՞նք հայերի և այլազգիների։ Այսինքն, երբ որ Լիբանանից ունենանք ներհոսք, նրանց տանելո՞ւ ենք Կոտայքի մարզի այս ճամբարը, որը գծված է, և բնակեցնենք այնտեղ։ Այսինքն նրանք ովքե՞ր են՝ փախստականներ են, անօրինական միգրանտներ են, տերմինաբանության նույնիսկ շփոթ կա այս նախագծում։

Մենք պետք է հաշվի առնենք, որ մենք․․․ գուցե պետությունը չի ուզում տարանջատի օտարազգի և հայի միջև, թե ՀՀ֊ն նրանց ընդունում է նույն ձևով, թե՞ տարբեր ձևով։ Այստեղ, իհարկե, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեծ անելիք ունի, որպեսզի մենք կարողանանք հայրենադարձության օրենքով այս տարանջատումն անել միգրացիոն քաղաքականության մեջ, այսինքն տարանջատենք հայրենադարձին և ընդհանուր միգրանտ՝ Հայաստանի հանրապետություն ներգաղթած ցանկացած քաղաքացուց։ Բայց այդ դեպքում էլ պետք է նշենք՝ արդյո՞ք մենք ընդունելու ենք նրանց»։

Նույն հարցի շուրջ խոսեց նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը․ «Այս տարվա առաջին աշխատանքային օրը մենք չորս լիբանանյան ընտանիք ենք ընդունել և ի դեպ ասեմ, որ խոսքը չպիտի միայն վերաբերի հայերին, որովհետև այդ նույն ընտանիքները հիմնականում խառը կազմով ընատնիքներ էին։ Այսինքն,  ընտանիքի անդամների մի մասն ունեն այլ քաղաքացիություն և այլ էթնիկ ծագում, բայց և այնպես Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել նաև որոշ քանակի օտարերկրացիների։ Սա փաստ է, քանի որ միջազգային օրենքներ կան, պայմանագրեր կան, որոնք պետք է հարգել և այս իմաստով մենք պետք է պատրաստ լինենք։ Իհարկե աշխատանքներ պետք է տարվեն և այս վարժանքները՝ ճամբարների հատկացումը, գուցե հասարակությանը նախապատրաստելը, միջգերատեսչական կապի արդյունավետ օգրագործումը և այլն, սրանք կարևոր հանգամանքներ են, որպեսզի հարկ եղած դեպքում ավելի օպերատիվ արվի ամեն ինչ»։

Սյուզաննա Բարսեղյանը պնդում էր, որ տարանջատում պետք է արվի ոչ թե խտրականության իմաստով, այլ հանձնառության, պատասխանատվության՝ իր հայրենակիցների նկատմամբ․ «Այս պարագայում մենք պետք է շատ բարձր և շատ թանկ գնահատենք այս մարդկանց վերադարձը, օգտվելով այն հանգամանքից, որ թույլ չտանք․․․ այսինքն կազմակերպենք նրանց կյանքը Հայաստանում այնպես, որ նրանք Հայաստանը չդարձնեն, այսպես, տրանզիտ երկիր՝ այլ երկիր տեղափոխվելու համար»։

Խոսելով Միգրացիոն ծառայության տեսլականից, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշեց՝ «նախկինում երկու տարբեր փաստաթղթեր են եղել ներհոսքներին վերաբերող։ Մեր ծառայության պետի կողմնորոշումը հետևյալն է՝ պետությունը պետք է ունենա մեկ ընդհանուր դիրքորոշում բոլոր տեսակի հոսքերի պարագայում և առանձին գործողությունների ծրագրեր արդեն կոնկրետ թիրախ֊խմբերի հետ կապված։

Մենք մեկ ընդհանուր փաստաթուղթ ենք մշակում, որտեղ որ հայրենադարձները, նոր ճանաչված փախստականները, երկարաժամկետ միգրանտները, չի բացառվում սիրիահայերը, որպես առանձին թիրախ֊խումբ, կառանձնացվեն և այդ խմբերը դինամիկ կլինեն։ Այսինքն, ըստ իրավիճակի, կարող է նոր թիրախ֊խումբ սահմանվել և իր համար՝ արդեն առանձին գործողությունների ծրագիր»։

Tekali Taxi