Այսօր, Արարատի մարզում մի խումբ ֆերմերներ, ի նշան սպանդանոցների դեմ բողոքի, մայրուղի էին փակել։ Ֆերմերների հետ հանդիպման էին եկել մարզպետ Գարիկ Սարգսյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Բաքոյանը հանդիպման ընթացքում նշել էր, որ ինքն արդեն խնդրի շուրջ խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր ժամը 16:00-ին հարցը կքննարկվի Ազգային Ժողովում։
Աժ-ում ժամը 16:00֊ին սպանդանոցների խնդրին վերաբերող քննարկում չեղավ, ավելին, հայտարարությունների կարգով խնդրին անդրադարձան մեկ֊երկու պատգամավոր։ Պատգամավորները նշեցին սպանդանոցների հրատապության և հանրային շահի գերակայության մասին:
«Այս որոշումը որոշ քաղաքացիների մոտ որոշակի անհարմարություն է առաջացնելու, բայց մենք հասկանում ենք նաև, որ այս որոշումով պաշտպանում ենք ՀՀ երեք միլիոն քաղաքացիների շահերը, մենք պաշտպանում ենք ՀՀ հարյուր հազարավոր երեխաների առողջ ապրելու իրավունքն ու առողջ մթերք ուտելու իրավունքը։ Ժամանակն է հասկանալ, որ հանրային շահը գերակա է մեզանից յուրաքանչյուրի անհատական շահի համեմատ», – իր ելույթում ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։