Եվրախորհրդարանի անդամները կողմ են քվեարկել բջջային հեռախոսների համար լիցքավորման միասնական մեթոդի ներդրմանը։
Բանաձևն ընդունվել է 582 կողմ և 40 դեմ ձայների հարաբերակցությամբ: Պատգամավորներն այժմ կոչ են անում Եվրահանձնաժողովին (ԵՀ) ընդունել նոր կանոնները:
Android հեռախոսներն ունեն USB-C լիցքավորիչ, իսկ iPhones-ն օգտագործում էր Lightning մալուխը:
Apple-ը հայտարարել է, որ ընդհանուր ստանդարտը կխոչընդոտի նորարարության զարգացմանն ու կնպաստի ավելի շատ էլեկտրոնային թափոնների արտադրությանը։
Անցած տասնամյակից եվրոպական քաղաքական գործիչները քարոզչություն էին վարում ընդհանուր ստանդարտի համար։ ԵՀ գնահատմամբ, հնացած մալուխները տարեկան ավելի քան 51,000 տոննա թափոն են առաջացնում:
2009-ին շուկայում կար ավելի քան 30 տարբեր լիցքավորիչ՝ ներկայիս երեքի փոխարեն:
«Կանոնակարգերը, որոնք համապատասխանեցնելու են բոլոր սմարթֆոնների մեջ ներկառուցված միակցիչի տիպը, սառեցնում են նորամուծությունը, ոչ թե խրախուսում այն: Նման առաջարկները վատն են շրջակա միջավայրի համար և անհարկի խանգարում են հաճախորդներին»,- պնդում են Apple-ի ներկայացուցիչները:
«CCS Insight» հետազոտական ընկերության վերլուծաբան Բեն Վուդն ասում է. «Այս քայլը հիասթափությամբ է ընդունվելու Apple-ի կողմից, ով արդեն հայտարարել է, որ նախընտրում է սեփական Lightning միակցիչը»։
«Հաշվի առնելով կայունության ներկայիս միտումը և էլեկտրոնային թափոնների կրճատման ցանկությունը, սա կարծես խելամիտ քայլ է: Այնուամենայնիվ, ԵՄ-ն պետք է զգույշ լինի, որպեսզի չխանգարի տեխնոլոգիաների զարգացմանը՝ կոնկրետ սկզբունք պարտադրելով»։