Գլխավոր / Բնապահպանություն / Բնապահպանական նախաձեռնությունը սպառնում է դատի տալ նախարարին

Բնապահպանական նախաձեռնությունը սպառնում է դատի տալ նախարարին

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը փետրվարի 13-ին հերքման պահանջ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«2020թ. փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀԷԿ-երի վերաբերյալ բարձրացրած իր հարցի շրջանակում ասաց. «Փետրվարի 3-ին Նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է տեղի ունենա քննարկում Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցվելիք երկու ՀԷԿ-երի մասին: […] Եթե Բնապահպանական ճակատի և մի քանի երիտասարդների ակտիվությունն ու էդ ինֆորմացիայի տարածումը չլիներ, ոչ ոք չէր իմանա, այդ թվում ես, ու չէին մասնակցի այդ քննարկմանը»:

Պատգամավորի հարցին պատասխանելով՝ Դուք բառացի ասել եք, որ «… այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաև երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ և հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»:

Ձեր արած այս հայտարարությունն ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Պահանջում ենք հերքել այն գրավոր՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարելով, ինչպես նաև բանավոր՝ ԱԺ-ում Ձեր առաջիկա ելույթի ժամանակ: Այս պահանջը չկատարելու դեպքում դիմելու ենք դատարան՝ պահանջելով հերքում և վնասի փոխհատուցում զրպարտության և մեր նախաձեռնության բարի համբավի արատավորման համար»:

Ըստ հայտարարության հեղինակների՝ նախարարի պատասխանում նշված փաստերն ինքնըստինքյան վերաբերելի են դառնում «Հայկական բնապահպանական ճակատ»֊ին, քանի որ հարցուպատասխանի ընթացքում հնչել է միայն իրենց նախաձեռնության անունը, «և դիտողները, բնականաբար, այդպես էլ ընկալելու են»։

Tekali Taxi