Home / Բանակ / ՔԿ֊ն պարզաբանում է զինծառայողի մահվան քրգործով տեղեկատվությունը

ՔԿ֊ն պարզաբանում է զինծառայողի մահվան քրգործով տեղեկատվությունը

Փետրվարի 13-ին ԶԼՄ֊ները պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի վերաբերյալ, թյուրըմբռնման արդյունքում, սխալ տեղեկատվություն էին հրապարակել։ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել, ըստ որի, առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Մովսիսյանը, Խաչիկ Գասպարյանը, և Սպարտակ Ավետիսյանը:

«Նախաքննության ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ.Գասպարյանին և Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», ֊ ասված է հայտարարության մեջ։

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև կրտսեր սերժանտ Ս. Ավետիսյանին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։