ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակներում կատարվել են ուսումնասիրություններ՝ պետական հավաստագրերի հիման վրա շահառու՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, ինչպես նաև այդ ուղղությամբ պետական միջոցների նպատակայնության և արդյունավետության վիճակը պարզելու ուղղությամբ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա երկու կազմակերպություն պարտավորվել են շահառու անձանց տրամադրել պատշաճ որակի աջակցող միջոցներ, դրանք շահառուին տրամադրել՝ վերջինիս կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց, տրամադրելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո, սովորեցնել դրանք օգտագործելու ձևը՝ միաժամանակ ստանձնելով նաև պայմանագրով նախատեսված պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու պարտավորություն։
Մինչդեռ պարզվել է, որ այդ կազմակերպություններից մեկի իրավասու անձինք, ի սկզբանե խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու շահադիտական դրդումներով, մեկ միասնական դիտավորությամբ 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 3 շահառուների չեն հանձնել վերջիններիս պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, պետական հավաստագրերի գնին համարժեք վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ:
Եվ առանց դրանք տրամադրելու՝ կազմել, հաստատել և պատվիրատուին՝ նախարարությանը ներկայացրել են ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ ստացականներ, հաշվետվություններ, հանձնման-ընդունման ակտեր, հաշիվ-ապրանքագրեր՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:
Մյուս կազմակերպության իրավասու անձինք, դարձյալ օգտվելով նախարարության հետ կնքված պայմանագրի հնարավորությունից, նպատակ ունենալով խարդախությամբ զգալի չափերի գումարներ հափշտակել, ձեռք են բերել անորակ և շահագործման համար ոչ պիտանի աջակցող միջոցներ, որոնք 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում տրամադրված պետական հավաստագրերի հիման վրա հատկացրել են 6 շահառուների:
Այնուհետև շահառուներից, ինչպես նաև պատվիրատուից թաքցնելով աջակցող միջոցների անորակ կամ շահագործման համար ոչ պիտանի լինելու փաստը՝ կազմել, հաստատել և պատվիրատուին են ներկայացրել հիշյալ շահառուներին պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխանելու վերաբերյալ ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող, բովանդակությամբ կեղծ ստացականներ, հանձնման-ընդունման ակտեր, և այլ փաստաթղթեր՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:
Արդյունքում կազմակերպությունների հաշվարկային հաշիվներին անհիմն փոխանցվել են զգալի չափերի գումարներ, որոնք ընկերությունների իրավասու անձանց կողմից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակվել են:
Ուսումնասիրություների արդյունքում ի հայտ են եկել պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ։ Հարուցվել է երկու քրեական գործ: