Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը պարտավորվել է 70 հա անտառ տնկել: Այս մասին մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում լեռնահանքային մետաղագործության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Նախկինում համակարգը այնպես է եղել, որ կարող ես վճարել և աղտոտել միջավայրը, ավել կվճարես՝ ավել կաղտոտես։ Սակայն այդ վճարները մեծամասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, մասնավորապես՝ ջրի, օդի համար նախատեսված գումարները և այդ գումարները շատ փոքր են։ Հիմա, փոխվում է օրենսդրությունը, խոսքը չի գնում, թե ինչքան գումար պետք է վճարվի, այլ ինչպես պետք է կանխարգելվի վնասը և հետո վերականգնվի»,- նշել է նախարարը ։
Նախարարությունն ու ձեռնարկության ղեկավարությունն արդեն քննարկել են, թե որ տարածքներում են տնկվելու ծառերը: «Ծառերի մի մասը տնկվելու է գործարանին պատկանող Արծվանիկի պոչամբարի մոտ: Մեկ այլ մասը տնկվելու է Կապանի ներկայումս փակված Կավարտի պոչամբարի մոտ: Նախատեսվում է նաեւ ծառեր տնկել հենց քաղաքում»,- ասել է Գրիգորյանը:
Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ «Զանգեզուր» գործարանի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել՝ շրջակա միջավայրին հասցված վնասի համար: Նախարարի հավաստիացմամբ, նախատեսվում է նվազագույնի հասցնել այս գործարանի կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասը: Նա նաեւ նշեց, որ մինչ այժմ հանքարդյունաբերական ձեռնարկությունները բնապահպանական վճարներ են վճարում բյուջե: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները որոշեցին հրաժարվել այս համակարգից` այն ոչ արդյունավետ համարելով: