Ընտանեկան բռնությունը պատճառ է բազմաթիվ համակարգային խնդիրների և բացերի, կարծրատիպերի և հասարակական ընկալումների։ Այս մասին «Ազատություն» TV ուղիղ եթերում խոսեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մինչև հիմա խնդիր է մնում կարծրատիպերի, հասարակական ընկալումների հարցը։ Կան վախեր, որոնց հաղթահարման ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել», ֊ նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ պետական մարմինների արձագանքը, պրակտիկան, օրենսդրությունը չեն տալիս այդ հնարավորությունը։
Նրա կարծիքով՝ պետական համակարգում ևս կան այդ կարծրատիպերը կրող մարդիկ․ «Եղել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը կամ իրավապահ մարմնի ծառայողը համոզում է դիմումը հետ վերցնել կամ տարբեր այլ միջոցներ է գործադրում, որովհետև մտածում է՝ դե, ընտանիք է, հիմա ինչո՞ւ ես հարցը բարձրաձայնում․ կլուծվի, կգնա։ Եվ ավելին, մենք դեպքեր ունենք, որ բռնության ենթարկված կնոջը համոզել, ուղարկել են բռնության գործադրողի հետ նույն վայրում ապրելու»։
Թաթոյանը ներկայացրեց մի քանի վիճակագրական տվյալ ՄԻՊ գրասենյակի կատարած վերլուծությունից։ 2019 թվականի ընթացքում ընտանեկան բռնության 359 դեպքի ընթացք չի տրվել, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի շուրջ 74 տոկոսը, իսկ ավարտված վարույթների շուրջ 69 տոկոսը կարճվել է։
Բոլոր դեպքերը պետք է վերլուծվեն, նկատեց Օմբուդսմենը։ Պետք է հաշվի առնվեն տարածաշրջանը, ընտանիքի սոցիալական վիճակը, իրավունքների իրազեկվածության աստիճանը և շատ այլ հանգամանքներ, որպեսզի կանխարգելիչ աշխատանքներ իրականացվեն։
Խոսելով բազմաթիվ օրենսդրական բացերից, նա նշեց, որ հետամտելը պետք է հակաիրավական արարք ճանաչվի, իսկ զոհի կամ տուժածի վարքագծի «հակաբարոյականությունը» պետք է հանվի պատիժը մեղմացնող հանգամանքների ցանկից։