Home / Առողջապահություն / Կորոնավիրուսի 5 նոր դեպք Հայաստանում. հաստատված դեպքերի թիվը՝ 13

Կորոնավիրուսի 5 նոր դեպք Հայաստանում. հաստատված դեպքերի թիվը՝ 13

Մարտի 13-ին, ժամը 22:00 դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 13 դեպք: Վարակվածների մեծ մասը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մասնակցել են Էջմիածնի հայտնի նշանդրեքին։

Նոր զարգացումների մասին։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 13. März 2020

Այսօր երեկոյան հաստատված 3 նոր դեպքերից 2-ը նշանդրեքի մասնակիցներից էին,  ովքեր արդեն երկու օր է՝ մեկուսաված են, 1-ը՝ Ֆրանսիայից ժամանած քաղաքացի է։

Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ, այսօր հերթական անգամ թեսթավորվել են նաև Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված 31 քաղաքացիները։ Նրանցից 29-ի մոտ կորոնավիրուսի առկայությունը չի հաստատվել, 2-ի մոտ հաստատվել է: Այս 31 քաղաքացիներից 28-ը կգնա տուն, 2-ը՝ հիվանդանոց, ևս մեկը` վարակված քաղաքացիներից մեկի ընտանիքի անդամը, ով այս ընթացքում շփում է ունեցել նրա հետ, կմնա մեկուսացման մեջ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, 13 քաղաքացիներից մեկը թոքաբորբ ունի, մնացած 12-ը գանգատներ չունեն:

Ինչպես քիչ առաջ հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց, այդ թվում՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի իտալացի աշխատակցի,  թեստերի պատասխանները բացասական են։

Նշենք, որ կառավարությունը՝ արձագանքելով դեպքերի կտրուկ աճին, որոշում է կայացրել

փակել Հայաստանի վերջին բաց սահմանը․ մարտի 14-ից մինչև մարտի 24-ը կկասեցվի Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հաղորդմամբ, տեղաշարժի սահմանափակումները չեն տարածվի միայն բեռնափոխադրումների վրա։ Հայատսանում գտնվող Վրաստանի քաղաքացիների և Վրաստանում գտնվող հայաստանցիների հայրենիք վերադառնալու իրավունքը ևս չի սահմանափակվի։

փակել կրթական հաստատությունները․ մարտի 13-ից մինչև մարտի 23-ը մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, արտաուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում դասերը կդադարեցվեն։ Սահմանափակումները կվերաբերեն ոչ միայն պետական, այլև միջազգային և մասնավոր ուսումնական հաստատություններին:

Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը, ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ այս ընթացքում նախատեսված քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Նախարարությունը նշել է, որ կխրախուսի ուսումնական գործընթացը հեռավար եղանակով (օնլայն) կազմակերպելու ջանքերը և առաջիկայում հանդես կգա նման նախաձեռնությամբ։

Tekali Taxi