Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն մայիսի 8-ին խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը, դեռ չկայացած, այսպիսով ծանր հարված ստացավ: Հաստատվեց, որ պետության զավթման ժամանակաշրջանում ձևավորված խորհրդարանական քրեական հակամշակույթին բնորոշ խայտառակ ավանդույթները ոչ միայն վերացված չեն, այլև շարունակվում են: Այս մասին ասված է մի շարք իրավապաշտպանական, լրագրողական կազմակերպությունների և անհատների հայտարարությունում, որը բաց է միանալու համար։
«Ափսոսանքով ենք արձանագրում, որ եթե նոր խորհրդարանը խիզախություն ունենար պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու, այսօր, հավանաբար, քրեական հակամշակույթի օրինակ հանդիսացող այս միջադեպը տեղի չունենար:
Խստորեն դատապարտելով բռնությունն ընդհանրապես և դրա որևէ դրսևորում հանրային հարաբերություններում ու իշխանության համակարգում՝ պահանջում ենք Ազգային ժողովի ղեկավարության կողմից ջանքեր գործադրել իսպառ բացառելու բռնության և ժողովրդավարական, իրավական պետության արժեքներին անհարիր անբարո վարքը խորհրդարանական աշխատանքում, ջանքեր ներդնել հանրային կյանքում բռնության մշակույթի վերացման համար: Համարում ենք, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն խորհդարանական մեծամասնությունն է, որը հանրությունից ստացել է և ունի օրինական և բավարար լիազորություն՝ բռնության մշակույթը վերացնելու համար:
Հայաստանում մեկընդմիշտ պիտի վերջ դրվի բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ պատասխանելու և խուլիգանական արձագանքների համար:
Ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է ներկայացնելու զանգվածային, բացառիկ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով թավշյա հեղափոխություն իրականացրած, ցանկացած խնդիր առանց բռնության լուծելու կարողություն ցուցաբերած ՀՀ քաղաքացիներին:
Առաջարկում ենք, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված, հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ հրատապ քննության ենթարկելու տեղի ունեցածը, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ այս հանձնաժողովի գործունեությունը մշտական հիմունքներով կազմակերպելու համար:
Պահանջում ենք նաև խորհրդարանական և խմբակցությունների մակարդակում պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ընդհուպ մինչև որոշ պատգամավորների կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հարցի քննարկումը:
Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չպետք է լինեն:
Պետության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային ժողովի ամբիոնից կամ դահլիճում, ինչպես նաև քաղաքական գործիչների բառապաշարից իսպառ պետք է բացառել «բութ», «սրիկա», «քաղաքական տրյապկա», «վիզդ կկտրեմ», «անբարոյականի վաստակ», «դուրսպրծուկ», «հոգնած», «շնաբարո», «բաշիբոզուկ», «հոգեկան հիվանդ» «կցխեմ» կամ այլ անձնական վիրավորանք և սպառնալիք պարունակող նման բառեր կամ արտահայտություններ որևէ մեկի հասցեին ուղղակի կամ անուղղակի օգտագործելն ու ակնարկելը, դահլիճում ձեռնամարտ խթանելը, խրախուսելն ու իրականացնելը, պիտակավորումները, անվանարկությունները, գռեհկաբանությունը, պոռոտախոսությունը և բռնությունը:
Պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը պետք է հանդիսանա բացառապես քաղաքակիրթ քաղաքական և գաղափարական բանավեճի օրինակ:
ՀՀ քաղաքացիների բացառիկ վստահության քվեն ստացած Խորհրդարանից և հատկապես խորհրդարանական մեծամասնությունից պահանջում ենք պատասխանատու լինել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների մասով, չդառնալ պետությունը զավթած և թավշյա հեղափոխությամբ պետության կառավարումից հեռացված ուժերի ցինիկ ոճի և սնանկ բովանդակության կրողը և բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության ձևավորման համար անհրաժեշտ համակարգային խնդիրների լուծման համար», ասված է հայտարարությունում:
Այն ստորագրել են․
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Արտակ Քյուրումյան, փորձագետ