Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված մակրոտնտեսական կանխատեսման համաձայն, covid-19 համավարակի պատճառով 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3․5 տոկոսով: Տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին․ ըստ կանխատեսումների՝ արդեն գալիք տարի ՀՆԱ-ի 5․5 տոկոս աճ կգրանցի։
Գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, պարենային ապրանքների գների անկայունությունը, հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների նվազումը, Ռուսաստանի հետ տնտեսական կապերի թուլացումը, դրամական փոխանցումների հավանական կրճատումը, զնոսաշրջության ոլորտի անկումը ուղղակիորեն կազդեն հայաստանյան տնտեսության վրա։ Երկրի վերականգնումն, ըստ Եվրոպական բանկի, կախված կլինի վիրուսի տարածումը զսպող ներպետական միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից:
Տնտեսությունը, հավանական է, որ 3,5 տոկոսով անկում, իսկ 2021 թվականին՝ 5․5 տոկոսով աճ գրանցի։ Կանխատեսումները, նախազգուշացնում է ՎԶԵԲ-ը, ստեղծված իրավիճակում ենթական են «աննախադեպ անորոշության»: Զեկույցի հեղինակներն, այնուամենայնիվ, ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, սակայն, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։
«Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին», – ասվում է զեկույցում: