Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը․ Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը։
Պետական եկամուտների կոմիտեի հաղորդմամբ, միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն տնտեսվարողները,
— որոնք ունեցել են կամ ունեն նվազագույնը 2 և առավելագույնը՝ 100 աշխատակից
— որոնց 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը,
— և 2020 թվականի ապրիլ ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:
Աշխատողների թվաքանակը և նրանց գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.
2020 թվականի փետրվար ամսվա հաշվարկ է համարվելու` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված հաշվարկը, 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը, 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:
Հաշվարկված եկամուտներ է համարվելու հետևյալ եկամուտների հանրագումարը.
—Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)
—Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
— Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
— Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ)
Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:
Վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները` 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:
Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cu»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար (դրամաշնորհի հաշվարկման բանաձևը սահմանված է ՀՀ կառավարության 12.05.2020թ. թիվ 726-Լ որոշմամբ և հաշվարկը կատարվելու է 2020թ. մարտ ամսվա տվյալների հիման վրա):
Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.
1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի) ճշտությունը։