Վարչապետի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել նախագահի պաշտնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրված է e-gov.am կայքում հրապարակված՝ վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է գրել: Հրաժարականի պատճառների մասին պաշտոնյան չէր խոսել։ Այսօր կոմիտեից պարզաբանումներ հրապարակեցին՝ Դավիթ Անանյանը վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի ունեցել, տարաձայնությունն աշխատանքային բնույթի է․ «Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»։
Ինչ կադրային խնդրի մասին է խոսքտ՝ ՊԵԿ-ը չի մեկնաբանում։
Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2019 թվականի տնտեսական և բյուջետային ձեռքբերումները և նշել․ «Բյուջեի կատարողականը քննարկում ենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, և քանի որ պարոն Անանյանը լքելու է այդ պաշտոնը, ես ուզում եմ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքների համար՝ արձանագրելով նաև, որ, կարծում եմ, Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային այդ փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»: