Home / Ազգային ժողով / Փաշինյանը՝ բյուջեի, կարգապահության, պետականություն ունեցող և չունեցող ժողովրդի մասին

Փաշինյանը՝ բյուջեի, կարգապահության, պետականություն ունեցող և չունեցող ժողովրդի մասին

Հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է․ տնտեսական և մյուս առումներով մենք այլևս կորցնելու որևէ բան չունենք: 2019 թվականին մենք շատ զգույշ էինք, մենք կենտրոնացած էինք տնտեսական աճ, ակտիվություն, եկամուտներ ցույց տալու և ունենալու վրա: Հիմա մենք մի վիճակում ենք, որ կորցնելու բան չունենք, մեր այսօրը կորսված է, և մենք պետք է մտածենք վաղվա մասին։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2019 թվականն, ըստ Փաշինյանի, բյուջետային առումով պատմական տարի էր։ Կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել, արձանագրել վերջին առնվազն 12 տարվա համար աննախադեպ՝ 7.6 տոկոս տնտեսական աճ, հարկեր-ՀՆԱ 22.35 տոկոս ցուցանիշ, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը:

«Պարզ է, որ այս տարի մենք տնտեսական որոշակի խնդիրներ ունենալու ենք, պարզ է, որ այս տարի ունենալու ենք խնդիրներ համաճարակային առումով և ունենք, բայց ես խորհուրդ կտայի, որ մենք չշտապենք հետևություններ անել», – ասել է վարչապետը՝ ընգծելով՝ 2020 թվականի արդյունքներն և նույնիսկ կորուստները ամփոփելու համար դեռ վաղ է, «կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը» նոր է սկսել, դեռ անհայտ է, ինչքան կտևի և ինչ կլինի։

Փաշինյանը առաջարկել է, այնուամենայնիվ, դիտարկել ճգնաժամը որպես հնարավորություն՝ վերագնահատելու պետական կարգի և անհատի փոխհարաբերությունները․ «Հին ընկալմամբ, օրենքները գրում են իշխողները, որպեսզի մեզ՝ քաղաքացիներիս, պահեն իրենց հսկողության տակ: Նոր ընկալմամբ պետք է լինի, որ օրենքներն ստեղծում ենք մենք բոլորս (ինստիտուցիոնալ աստիճանների միջոցով)՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն, որպես պայմանավորվածություն, թե ինչպես ենք մենք ապրելու և հարաբերվելու իրար հետ»:

Ես ուզում եմ հավատալ, որ հիմա Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են, ասել է վարչապետը․ «2018 թվականի հեղափոխության ժամանակ մենք վերագնահատեցինք, վերափոխեցինք մեր հարաբերությունները մեր ազատությունների և իրավունքների նկատմամբ: Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ»:

Այս առումով, ըստ նրա, պետական բյուջեն, դրա քաղաքական և քաղաքացիական ընկալումն ունի առանձնահատուկ նշանակություն:

«Մարդկանց՝ բյուջեի հին ընկալումը հետևյալն է. բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, որպեսզի մեզ թալանեն, որպեսզի մեր ձեռքից վերցնեն: Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի հետևյալը, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Եվ, իմ կարծիքով, բյուջեի հին և նոր ընկալումների բանաձևը հստակ այն սահմանն է, որը բաժանում է պետական ժողովրդին ոչ պետական ժողովրդից կամ պետականություն ունեցող, պետականության կամք ունեցող ժողովրդին պետականություն չունեցող և պետականության կամք չունեցող ժողովրդից», – ասել է Փաշինյանը։

Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի, որոշ գնահատականներ համաձայն՝ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր լինել մինչև 400 մլրդ դրամ ավելին․ «Շատ կարևոր է, որ բյուջեի և պետական կարգի նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Հույս ունեմ, որ 2019 թվականին այդ պրոցեսն սկսել է, չնայած գիտեմ, որ տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ 2019 թվականին, ի հեճուկս իրենց իսկ կատարած հեղափոխության և ի հեճուկս կառավարության կոչերին, շարունակել են չթողարկել և չպահանջել հսկիչ դրամարկղային կտրոններ, շարունակել են դուրս չգրել ուղեկցող փաստաթղթեր և այլն, և այսպես շարունակ»։

Պետական բյուջեն, ըստ նրա, պետականության ողնաշարն է, բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու արտահայտած կամ չարտահայտած կամքն է պետականություն ունենալու վերաբերյալ։ Վարչարարությունն ու հարկադրանքը պետք է ելնեն այս նախադրյալից։

Այս առումով, ըստ Փաշինյանի, պետք է փոխվի նաև հանրության ընկալումը պետական պաշտոնյաներին բարձր աշխատավարձ վճարելու անհրաժեշտության նկատմամբ: Պետությունը կրկին ընտանիքի հետ համեմատելով՝ Փաշինյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր ընտանիք իր ամենատարբեր կարիքները բավարարելու համար փորձում է որակյալ մասնագետներ գտնել․ «Ենթադրենք՝ մի միլիարդ դրամը, որով պիտի ֆինանսավորվի, օրինակ, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, դատավորների՝ առանձնահատուկ նշում եմ, դա որպես գումար Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքում շատ, շատ, շատ, շատ էական բաներ կարող է փոխել»։

Վարչապետը խոսել նաև գույքահարկի համակարգում գալիք փոփոխությունների մասին, որոնց համաձայն բոլոր քաղաքացիները պետք է պրոգրեսիվ գույքահարկ վճարեն՝ համապատասխան իրենց ունեցած գույքի շուկայականին մոտ արժեքի: Որքան թանկ կլինի գույքը՝ այնքան մեծ կլինի հարկային դրույքաչաձը [այն մասին, թե ինչ նոր խնդիրներ է ստեղծում այս նախագիծը, ավելի մանրամասն՝ այստեղ]։ Հարկման նոր համակարգի հետ կապված բազում հարցերից վարչապետը առանձնացրեց 3 մլն դրամ չհարկվող շեմը վերացնելու դրույթը․ «Թող դրա համար ինքը վճարի տարին 100 դրամ, թող վճարի տարին 200 կամ 300 դրամ, էդ 300 դրամը, որ ինքը պահել է իրեն, որից հիմա մենք իրենց 30 տարի ազատել ենք, իր կյանքում որևէ բան փոխե՞լ է էդ 300 դրամը՝ չի փոխել, բայց պետության կյանքում էդ 300 դրամը շատ բան է փոխում։ ․․․Այս փոփոխությունների կոնտեքստում մենք չենք լուծում ուղղակի ինչքան հարկային եկամուտ հավաքենք կամ չհավաքենք հարցը, մենք լուծում ենք մի հարց. արդյոք 20 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը գոյությո՞ւն է ունենալու որպես ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն: Իմ ասածը թող չափազանցություն չհնչի, բայց գույքահարկի, եկամուտների համատարած համընդհանուր հայտարարագրման և հարկային մի շարք այլ փոփոխություններով մենք ֆիսկալ կամ ոչ ֆիսկալ հարց չենք լուծում: Մենք լուծում ենք քաղաքական և փիլիսոփայական հարց, մենք լուծում ենք մի հարց՝ 20 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, գոյություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ», – եզրափակեց Փաշինյանը։